«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը
– Պարո՛ն Գալստյան, ի՞նչ զգացողություններ ու տրամադրություններ են տիրում շրջափակման մեջ գտնվող Արցախում:
– Ընդհանուր հիասթափություն կա Հայաստանի իշխանություններից, բայց խուճապային տրամադրություն չկա: Արցախահայությունն իր թիկունքում մշտապես ունեցել է Մայր Հայաստանի շունչը, երաշխավորությունը, իսկ այսօր այն բոլոր քայլերը, որոնք մենք ակնկալում էինք Հայաստանի իշխանություններից, չեն արվում:
Նման իրավիճակում նրանք պետք է արագ արձագանքեին, հասցեական գնահատականներ տային, միջազգային հարթակներում բարձրաձայնեին այն բոլոր հարցերը, որոնք այսօր ամենաշատն են հուզում արցախահայությանը, չի արվում: Մենք տեսնում ենք, որ նրանք դիտորդի դերում են, ու տպավորություն է, որ այսօր Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների հետ համատեղ փորձում են արցախահայության մոտ խուճապ ստեղծել, որպեսզի հայաթափեն Արցախը:
– Իսկ իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ իրենք ակտիվ աշխատանքներ են տանում, ու դրանց արդյունքն էլ տեսանելի է՝ միջազգային հանրության արձագանքի տեսքով:
– Փաստերով ասենք. խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագրի» ընդունած հայտարարությունը, որում ընդհանրապես նշում չկար արցախահայության ինքնորոշման իրավունքի մասին, հրաժարվել էին օգտագործել Արցախի Հանրապետություն անվանումը: Խոսում էին միայն արցախահայության ֆիզիկական անվտանգության մասին, բայց այսօր դա էլ է վտանգված: Գործուն քայլեր չեն անում, որպեսզի բարձրաձայնեն այն մասին, որ Ադրբեջանն իր իսկ ստորագրած պայմանագիրը խախտում է:
Փոխարենը՝ տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունը չի հրաժարվում իր առօրյայից, ապրում է այնպես, կարծես Արցախում ամեն բան նորմալ է, կարծես Արցախում չէ, որ ընտանիքները բաժանված են՝ մի մասը Երևանում ու Գորիսում է, մյուսը՝ Արցախում: Այս բոլորը հիասթափություն են առաջացնում արցախահայության մոտ:
– Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ի՞նչ է պետք անել:
– Սա մեկ հոգու լուծելիք խնդիր չէ. Արցախ, Հայաստան ու ռուս խաղաղապահ առաքելության համատեղ քայլերի ու որոշման արդյունք պետք է լինի լուծումը: Ամեն գնով պետք է բացեն ճանապարհը, որովհետև սա եռակողմ պայմանավորվածության խախտում է:
– Պարո՛ն Գալստյան, իսկ ռուսական կողմից հիասթափություն չունե՞ք:
– Քանի որ մենք շփումներ չունենք ռուսական կողմի հետ, չենք կարող հստակ գնահատական տալ, բայց չենք տեսնում նաև այն կեցվածքը մեր իշխանությունների՝ հիմնականում Հայաստանի, որ նրանք պահանջատեր լինեն Ռուսաստանից՝ որպես այդ եռակողմ հայտարարության երաշխավորից: Նրանք լուռ համաձայնել են Ադրբեջանի ծրագրին, ու կան նաև պատգամավորներ, որոնք փորձում են այս իրավիճակն օգտագործել, հակառուսական տրամադրություններ բարձրացնել թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում: Ադրբեջանն այս քայլով հարվածում է ոչ միայն մեզ, այլ նաև ռուս խաղաղապահներին: Բայց պետք է նկատենք նաև, որ ռուս խաղաղապահներն այսօր չունեն այն լիազորությունները, որ կարողանան ուժի կիրառմամբ բացել միջանցքը: Այս նպատակի համար է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի ստորագրել նրանց մանդատը:
– Իսկ Արցախում հակառուսական տրամադրություններ կա՞ն:
– Ժամանակ առ ժամանակ տեսնում ենք, որ որոշ, այսպես ասած արևմտյան գրանտներից սնվող անձինք փորձում են ամբողջ մեղքը բարդել Ռուսաստանի վրա ու օբյեկտիվորեն չեն գնահատում իրավիճակը:
– Արցախի քաղաքական ուժերը գիտե՞ն հստակ պահանջը, ինչի համար Ադրբեջանը փակել է միջանցքը:
– Բոլորս էլ կռահում ենք, որ դրանք Նիկոլ Փաշինյանի տված բանավոր խոստումներն են, որոնք չի կատարում:
– Որո՞նք են այդ խոստումները:
– Եթե հստակ իմանայինք՝ կբարձրաձայնեինք, բայց կան մեր ժողովրդի թիկունքում տրված խոստումներ, որոնցից տեղյակ չենք, ու դրա համար Ադրբեջանն այսօր այս սադրանքների սպառնալիքով փորձում է դրանք կյանքի կոչել: Եթե այդ խոստումները լինեին հայկական շահից բխող, երևի թե կիմանայինք:
– Պարո՛ն Գալստյան, միջազգային հանրությունից ի՞նչ եք ակնկալում:
– Գործնական քայլեր են պետք, Ադրբեջանը հասկանում է միայն պարտադրանքի լեզուն, մինչև Ադրբեջանի հետ չսկսեն պարտադրանքի լեզվով խոսել, ոչինչ էլ չի փոխվի:
– Ադրբեջանը պնդում է, որ Արցախում հումանիտար ճգնաժամ չկա, որովհետև ռուս խաղաղապահները նրանց ապահովում են պարենով ու այլ անհրաժեշտ իրերով: Իսկապե՞ս Արցախը օգնություն է ստանում՝ գտնվելով շրջափակման մեջ:
– Դա հերթական ապատեղեկատվություն ու կեղծիք է: Նրանք փորձում են միջազգային հանրության առաջ արդարանալ, թե չկա հումանիտար աղետ, իսկ այն ավտոշարասյունը, որ նրանք սոցցանցերով տարածում են, ռուս խաղաղապահների տեղաշարժն է միջանցքով, երբ իրենց հիմնական բազա են գնում կամ գալիս են այնտեղից, որը տեղակայված է Իվանյան համայնքում: Արցախին որևէ հումանիտար օգնություն այս 8 օրվա ընթացքում չի տրվել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am