ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի ԳՔ տեղակալին է ներկայացրել ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը

Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի նորանշանակ գործադիր տնօրեն Ղադա Ֆաթի Վալիի հետ։

Շնորհավորելով Ղադա Ֆաթի Վալիին Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի գործադիր տնօրենի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հաջողություն է մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ:

«Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և ՄԱԿ-ի Թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի միջև հաստատված արդյունավետ  գործընկերությունը և պատրաստակամություն հայտնեցին գործնական քայլեր ձեռնարկելու դրա առավել ամրապնդման ուղղությամբ։  

Նախարար Մնացականյանը նշեց, որ Գրասենյակի լիազորությունների շրջանակում ընդգրկված մարտահրավերների հասցեագրումը և կայուն զարգացման օրակարգի առաջմղումը Հայաստանի կառավարության առաջնահերթությունների շարքում է:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց ՀՀ կառավարության իրականացվող լայնածավալ բարեփոխումների շրջանակը: Զրուցակիցներն ընդգծեցին Հայաստանի իշխանությունների հանձնառությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործում՝ ընդգծելով այդ պայքարի կարևորությունն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ տարբեր երկրների հետ փորձի փոխանակման միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: