Ադրբեջանում արգելափակվել է OC Media-ի կայքը

Ադրբեջանում արգելափակվել է Հարավային Կովկասի անկախ լրատվամիջոց OC Media-ի կայքը։ Լրատվամիջոցը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան ընթերցողներից ահազանգեր է ստացել, որ Ադրբեջանից կայք մուտք գործել չի հաջողվում։

OC Media-ի փոխանցմամբ՝ խմբագրությունը տարբեր ինտերնետային մատակարարների միջոցով ստուգել է խնդիրը և հաստատել, որ կայքն Ադրբեջանի տարածքում անհասանելի է։

«Թեև պաշտոնական հաստատում դեռ չկա, մենք կարծում ենք, որ կայքի հասանելիությունը սահմանափակվել է պետական մարմինների կողմից»,- ասվում է OC Media-ի հայտարարությունում։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ վերջին տարիներին պարբերաբար լուսաբանել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները, խոսքի ազատության սահմանափակումները, անկախ լրագրողների նկատմամբ ճնշումները, ինչպես նաև պետական քարոզչական արշավները։

OC Media-ն հայտնել է, որ, չնայած արգելափակմանը, շարունակելու է աշխատանքը։ Լրատվամիջոցը Ադրբեջանից իր ընթերցողներին խորհուրդ է տվել կայք մուտք գործել VPN-ի միջոցով։

Հիշեցնենք, որ OC Media-ն ավելի վաղ հետաքննություն էր հրապարակել «Արևմտյան Ադրբեջանի» արշավի մասին՝ պնդելով, որ այն ոչ թե հասարակական նախաձեռնություն է, այլ համակարգվում և ֆինանսավորվում է Ադրբեջանի նախագահի վարչակազմի կողմից։ Հետաքննությունը հիմնված էր արտահոսած փաստաթղթերի վրա։

Ըստ այդ հրապարակման՝ պետական միջոցներով ֆինանսավորվել են միջազգային միջոցառումներ, PR արշավներ, հաղորդակցման մասնագետներ և թվային հարթակներ՝ «Արևմտյան Ադրբեջանի» նարատիվը միջազգային մակարդակով տարածելու համար։