«Վերակենդանացման բաժանմունքներն արդեն լիքն են քովիդ հիվանդներով, առողջապահական համակարգի հասանելիության խնդիր կա»․ համաճարակաբան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

– Հոկտեմբերի 1-ից կսկսեն գործել սահմանափակումները, ըստ որոնց բոլոր աշխատողները կամ պետք է պատվաստվեն, կամ 14 օրը մեկ քովիդի թեստ հանձնեն: Ձեր կարծիքով՝ սա որքանո՞վ արդյունավետ կլինի, թե՞ կարելի էր այլ մեխանիզմներ կիրառել հանրությանը սթափեցնելու համար։

– Սա ընդունված լծակ է, միայն մենք չէ, որ դրանից օգտվում ենք: Մեզ մոտ դեռ մի փոքր մեղմ է, որովհետև մնացած երկրները շատ ավելի կոշտ են դնում պատվաստման հարցը, այլընտրանք չի լինում կամ այլընտրանքը 3 օրը մեկ կամ 7 օրը մեկ թեստ հանձնելն է: Մեզ մոտ ավելի մեղմ տարբերակն է կիրառվում: Սա առիթ է մեկ անգամ ևս մարդկանց մտածել պատվաստվելու մասին:

Սա տարբեր մարդկանց մոտ տարբեր արձագանք է ունենում. կան մարդիկ, որ ասում են՝ եթե պարտադրանքը չլիներ, մենք ավելի հաճույքով կգնայինք պատվաստվման: Մյուս կողմից՝ մենք արդեն 6 ամիս հասանելի պատվաստանյութ ունենք, ու շատ ցածր է ընդգրկվածությունը: Այնպես որ, դժվար է միանշանակ ասել:

– Ամեն դեպքում սա այս պահին իրավիճակայի՞ն լուծում էր:

– Կարծում եմ՝ այո, որովհետև հաշվի առնելով մեր շատ ցածր պատվաստումային ընդգրկվածությունը, մահերի բարձր տոկոսը և քովիդի աճող թվերը, սա այս պահին օրհասական է: Մեզ պետք է բարձր պատվաստումային ընդգրկվածություն:

– Արդյոք այդ պարտադրանքը հակառակ էֆեկտ չի՞ տա, այսինքն մարդիկ չեն նախընտրի ամսական 2 անգամ թեստ հանձնել ու այդպես էլ չպատվաստվել:

– Հաշվի առնելով մարդկանց կարծիքները՝ ես կարծում եմ, որ այդ տարբերակը հնարավոր է: Այստեղ շատ անելիք ունեն բժիշկները, որոնք պետք է բացատրեն, ճիշտ ներկայացնեն, իրազեկեն պատվաստանյութի արդյունավետության մասին: Բայց ցավոք պետք է ասեմ, որ մենք ունենք նաև բժիշկներ, որոնք իրենք են տարակուսանք սերմանում, և այդկերպ սովորական քաղաքացին ընկնում է երկմտանքի մեջ:

– Բժիշկների մի ստվար զանգված ինքն էլ չի պատվաստվում:

– Ցավոք, այո: Մենք այդ առումով էլ ենք հետ մնում միջազգային տվյալներից: ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում բժիշկները 90 տոկոս ներգրավվածություն ունեն պատվաստման գործընթացում, իսկ մեզ մոտ այդ թիվը շատ ցածր է:

– Մեր հանրության մոտ կա երկմտանք, թե պատվաստանյութերից ո՛րն ընտրել: Ի վերջո, այս առումով խնդիր չկա՞:

– Այդ հարցը թողնված է անհատի ընտրությանը: Բժիշկն ունի հետևյալ մոտեցումը՝ կարևորը պատվաստվելն է, թե որ պատվաստանյութով՝ էական չէ: Եթե անձը չունի տվյալ պատվաստանյութի հետ կապված որևէ հակացուցում, ուրեմն կարող է պատվաստվել ցանկացած պատվաստանյութով, որը հասանելի է այս պահին իրեն: Պատվաստանյութի հասանելիությունն արդեն ձեռքբերում է:

Պատվաստանյութի տրամադրման առումով Հայաստանը բարենպաստ վիճակում է. պետությունը շատ արագ հայթայթեց պատվաստանյութ և անվճար տրամադրում է քաղաքացիներին: Կա տեսակետ, որ եթե այն վճարովի լիներ, կարող էր ավելի մեծ պահանջարկ ունենալ:

– Ի միջի այլոց, մեր ժողովրդի համար դա ավելի աշխատող տարբերակ է, որովհետև մենք սիրում ենք դժվար հասանելի, դժվարամատչելի բաներ: Այդ դեպքում գուցե ավելի արագ գնար պատվաստման գործընթացը: Բայց ես նորից եմ ասում՝ չի եղել մարդ, որն ուզենա պատվաստվել, ու ասեն՝ չկա պատվաստանյութ: Մենք նման խնդիր չենք ունեցել: Կան երկրներ, որոնք պատվաստանյութի հասանելիության խնդիր ունեն: Մենք այդ առումով բավական շահեկան պայմաններում ենք, բայց, ցավոք, չենք օգտվում դրանից:

– Այսօր շատերից լսում ենք, որ իրենք պատվաստված են, բայց երկրորդ անգամ վարակվել են: Փաստորեն երաշխիք չկա, որ պատվաստվելու դեպքում չես վարակվի, բացառությամբ, որ կյանքին վտանգ չի սպառնա:

– Այո՛, պատվաստումը կանխարգելում է ծանր և մահվան դեպքերը: Սա քիչ չէ, որովհետև եթե հաշվի առնենք, որ 100 հիվանդից 2-ի մոտ հիվանդությունն ավարտվում է մահով, այդ երկու մահը կանխելն էլ մեզ նման փոքր երկրի համար քիչ չէ, մանավանդ որ տարիքային շեմի բավականին անկում է եղել: Ոչ միայն հիվանդացության դեպքերն են երիտասարդացել, այլ նաև մահվան դեպքերը:

– Հոկտեմբերից իրավիճակի փոփոխություն կանխատեսո՞ւմ եք:

– Հայտնաբերումը պետք է որ ավելանա: Մարդիկ, որոնք կնախընտրեն թեստ հանձնելու տարբերակը, դա համաճարակաբանական առումով բարենպաստ կլինի, անախտանիշ դեպքերը նույնպես կհայտնաբերվեն, և այդ մարդկանցից վարակի տարածումը ևս կկանխվի: Ինչ վերաբերում է պատվաստմանը, ինչքան մենք ավելացնենք ընդգրկվածությունը, այնքան մեր երկիրն ավելի լավ համաճարակաբանական վիճակում կհայտնվի:

– Մենք հիմա նորի՞ց ճգնաժամային փուլում ենք հայտնվել:

– Այո՛, արդեն լիքն են վերակենդանացման բաժանմունքները, արդեն լրացուցիչ մահճակալներ են ձևավորվում, արդեն առողջապահական համակարգի հասանելիության խնդիր կա:

Մանե Հարությունյան

MediaLab.am