Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է

Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է
Աշխարհի նորընծա չեմպիոնն արդեն Երևանում է

Երկրի մարզական ղեկավարությունը` ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանի և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, հունիսի 21-ի ուշ երեկոյան Զվարթնոց օդանավակայանում դիմավորել է  Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանին: Հիշեցնենք, որ Բուլղարիայում ավարտված ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանը երկամարտի 392 կգ վերջնարդյունքով ոսկե մեդալակիր էր դարձել: Հայ դյուցազնը պոկում վարժությունում` 180, իսկ հրում վարժությունում 212 կիլոգրամ էր գրանցել:  Հիշեցնենք նաև,  որ Ռուբեն Ալեքսանյանն այս տարվա մեծահասակների Եվրոպայի առաջնությունում երկրորդ տեղն էր գրավել: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը դեռ մի քանի տարի առաջ էր շեշտում, որ կգա ժամանակը և Ռուբեն Ալեքսանյանն աշխարհի ամենաուժեղ մարդը կճանաչվի: ՀԱՕԿ-ի նախագահի ցանկությունն ու կանխատեսումն արդեն իրականություն է դառնում: Նորընծա  չեմպիոնը հենց  օդանավակայանում հուզված շեշտել է, որ իր հաղթանակը նվիրում է մայրիկին, քանի որ հունիսի 21-ին նրա  ծննդյան օրն է: Հավելենք միայն, որ ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Ռուբեն Ալեքսանյանն իր թիմակիցների հետ նախապատրաստվելու է սեպտեմբերին Անթալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: