«Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով»․ Բաբկեն Թունյան

«Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով»․ Բաբկեն Թունյան
«Գրավատների և փոխանակման կետերի պետտուրքը չի բարձրանա ի սկզբանե հայտարարված չափով»․ Բաբկեն Թունյան

Այս մասին Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառման միջոցով տեղեկացնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

«Հարկային օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթում ի սկզբանե առաջարկվում էր կտրուկ բարձրացնել գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի պետտուրքը։ Մասնավորապես, առաջարկվում էր գրավատների պետտուրքը սահմանել տարեկան 6 մլն դրամ (ներկայիս 100 հազար դրամի փոխարեն), իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն դրամ յուրաքանչյուր կետի համար (ներկայիս 50 հազարի փոխարեն):

Հաշվի առնելով, որ առաջարկվող չափերը մեծ բեռ կհանդիսանան տվյալ ոլորտի տնտեսվարողների համար և կհանգեցնեն նրանց մի մասի փակմանը, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում առաջարկվող չափերը քննարկման առարկա դարձան։

Կառավարության և Կենտրոնական բանկի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գրավատների և փոխանակման կետերի պետտուրքերը կլինեն ոչ թե 6 և 3 մլն դրամ, այլ մի քանի անգամ ավելի քիչ»,- տեղեկացնում է Թունյանը։

Նրա խոսքով՝ պետտուրքի չափերը կվերանայվեն առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում և երկրորդ ընթերցմանը կառավարությունը կներկայացնի ԱԺ-ի հետ համաձայնեցված լրամշակված տարբերակ՝ պետտուրքի ցածր դրույքաչափերով։