ՀՔԱՎ գնահատականը՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն`  Կառավարության նախաձեռնությամբ ապրիլի 28-ին գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ։ Օրակարգում, inter alia, ընդգրկվել է  «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Նածագծի հիմնավորման մեջ ընդգծվում է, որ արտակարգ դրության ընթացքում պետական կառավարման առանձնահատկությունների առավել համապարփակ կարգավորման իմաստով անհրաժեշտ է հստակեցնել պարետի և պարետատան կարգավիճակը` պետական կառավարման համակարգի եւ կառավարչական իրավահարաբերությունների ներկայիս համատեքստում, ինչպես  նաև պարետի կողմից ընդունվող ակտերի կարգավիճակը:

Եթե ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-ն որոշումը օրենսդրական հիմնավորվածության տեսակետից հարցեր չեն առաջացնում, ապա Պարետի ընդունած որոշումների իրավաբանական ուժը և նշանակությունը ՀՀ իրավական համակարգում խիստ վիճելի է։

Հիմնավորումները և ամբողջական փաստաթուղթը՝ ԱՅՍՏԵՂ  

Անհրաժեշտ է օրենսդրական փոփոխությունները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային օրենսդրության պահանջներին։  Այս հարցի առնչությամբ արտակարգ դրության պայմաններում անհրաժեշտության սկզբունքը պահանջում է, որ արտակարգ իրավիճակների միջոցները կարողանան հասնել իրենց նպատակին` որոշումների կայացման ժողովրդավարական ընթացակարգերի և նորմալ կանոնների նվազագույն փոփոխությամբ։ Հաշվի առնելով ճգնաժամի արագ և անկանխատեսելի զարգացումը, կարող են անհրաժեշտ լինել համեմատաբար օրենսդրական լայն պատվիրակումներ, որոնք ստեղծված հանգամանքներում պետք է հնարավորինս կոնկրետ և հստակ ձևակերպվեն, որպեսզի նվազեցվի չարաշահման ցանկացած հնարավորությունը։

Ամփոփելով կարող ենք եզրակացնել, որ

  1. ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո իրավունքների և ազատությունների սահմանափակումները սահմանող Պարետի որոշումները հակասում են «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին և ՀՀ Սահմանադրությանը։
  2. Նախագծում ամրագրված կարգավորումը, որը հնարավորություն է տալիս համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության դեպքում անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակում՝ արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար ներգրավված մարմինների կողմից տրված բանավոր կարգադրությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային չափանիշներին, հետևաբար պետք է վերացվի։
  3. «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով նախատեսել մեկուսացված անձանց մեկուսացման համար նախատեսված որոշակի տարածքում գտնվելու պատճառների մասին տեղեկության, անկախ բժշկական օգնության և իրավաբանական օգնության մատչելիության իրավունքները։