«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի ավագ գիտաշխատող Հրանտ Միքայելյանը
– Պարո՛ն Միքայելյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում փակուղի չկա, որ գուցե, ըստ իրեն, Ադրբեջանը անակնկալի է եկել հայկական կողմի՝ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկից, սրան զուգահեռ Ադրբեջանի նախագահի խորհրդականը կրկին վերահաստատել է, որ հայկական կողմը պետք է փոփոխություններ անի Սահմանադրության մեջ: Ի՞նչ է իրականում կատարվում խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում:
– Մի կողմից, այո՛, Ադրբեջանի համար անակնկալ էր ներկայիս իշխանության կողմից այս կամայական կապիտուլյացիան, որովհետև իրենք չէին կարծում, որ ներկա իշխանությունները կգնան նաև ԵՄ դիտորդներից հրաժարվելու ճանապարհով, բայց այս իշխանությունը այդ հարցում էլ զիջումների գնաց, ինչը նշանակում է, որ հարձակվելու համար Ադրբեջանը կարող է ունենալ ավելի բարենպաստ պայմաններ:
Երկրորդը, որ ասում են՝ փակուղի չկա, ես հիշում եմ, որ 2021-ին Փաշինյանը ասում էր, որ պայմանագրի կնքմանը շատ քիչ է մնացել, հեսա կկնքվի, նույնը խոսել է 2022-ին, 23-ին, 24-ին ու հիմա: Հարց՝ հիմա փակուղի չկա՞, չկար է՞ն ժամանակ, թե՞ չի լինելու սրանից հետո, մանավանդ հաշվի առնելով, որ Ադրբեջանը որպես նախապայման դնում է սահմանադրական հանրաքվեն, որը, հավանաբար, չի կարող 2027 թվականից շուտ լինել, ապա ինչի՞ մասին ենք մենք խոսում:
Էլ չեմ ասում, որ Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ ՀՀ ներկայիս իշխանությունը չի կարող սահմանադրական հանրաքվե անցկացնել, որովհետև այդ գործընթացին հասարակական աջակցություն չկա: Ըստ այդմ Ադրբեջանի իրական նպատակն է, որ Հայաստանը միակողմանի բոլոր զիջումներն անի, բայց իրենք անգամ պայմանագիր չկնքեն:
Այսպիսով՝ իրականում բանակցային գործընթաց չկա, դա ուղղակի սուտ է, որով փորձում են մարդկանց խաբել: Բանակցային գործընթացը տապալվել է դեռ 2023-ին, երբ Փաշինյանը գնաց Գրանադա ու միակողմանի ստորագրեց փաստաթուղթ: Բանակցությունների վերաբերյալ հայտարարություններն ունեն ուղղակի քարոզչական ու հրապարակային նշանակություն:
– Ադրբեջանն այսօր պատրա՞ստ է գնալ ռազմական գործողությունների, կա՞ դրա համար նպաստավոր պայման:
– Ադրբեջանն արել է բազմաթիվ քայլեր, որոնք մոտեցրել են պատերազմը, ու, անկասկած, պատրաստ է ու շարունակում է պատրաստվել պատերազմի, ուրիշ բան, որ նա նաև հետևում է արտաքին համատեքստին ու փորձում է հասկանալ, թե ինչ իրավիճակ է դրսում, ինչպես են արձագանքելու և այլն:
Այսպիսով, ես կարծում եմ, որ Ադրբեջանի պահվածքը կախված է լինելու գերտերությունների քաղաքականությունից, այլ ոչ թե սեփական նպատակներից, իսկ այդ նպատակներից մեկը Հայաստանի վրա հարձակումն է, ինչն Ադրբեջանը չի էլ թաքցնում:
– Իսկ գերտերություններն այս պահին գոնե ունե՞ն այդ կոնսենսուսը, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, պարո՛ն Միքայելյան:
– Ինձ թվում է՝ ոչ, գերտերությունների կոնսենսուսը պետք է, որ ոչ թե Ադրբեջանը գնա հարձակման, այլ որ Ադրբեջանին չզսպեն, այսինքն՝ բավական է, որ նրանք չընդդիմանան, արդեն Ադրբեջանի համար բավարար է լինելու: Սա կարող է ինչ-որ պահի տեղի ունենալ, բայց քանի դեռ Ադրբեջանը չի հարձակվել, պարզ է, որ այդ պահը չի եկել, բայց Ադրբեջանի իշխանությունների վերջին գործողությունները հուշում են, որ փորձում են ժամանակ շահել, որ անհրաժեշտ պարագայում շատ արագ գործեն: Նույն ՄԱԿ-ի գրասենյակի փակումը Ադրբեջանում, նկարահանման արգելքը, զորքերի տեղափոխում և այլն:
– ՀՀ իշխանությունները նշում են, որ բանակը պատրաստ է Հայաստանը պաշտպանել հարձակման դեպքում, որ մեր բանակը միայն պաշտպանվելու նպատակով է զինվում, ձեր գնահատմամբ, իշխանություններն անո՞ւմ են անհրաժեշտ քայլեր, որպեսզի հայկական կողմը կարողանա դիմագրավել ադրբեջանական հնարավոր հարձակմանը:
– Զենքի ձեռքբերման ու այլնի մասին շատ է խոսվում, բայց նախ՝ շատ քիչ է արվում, քիչ արդյունավետությամբ ու մեծ մասամբ՝ փիառի համար: Իրականում որևէ լուրջ պատրաստություն հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար չի իրականացվում, իրականում Հայաստանը շատ ավելի խոցելի է հիմա, քան 2020-ի վերջին՝ նույնիսկ պարտված պատերազմից հետո: Ձեռք բերված զենքը Հայաստան հասնում է շատ քիչ քանակով, այսինքն՝ մենք պատրաստվում ենք հայտարարությունների ու քարոզչական մակարդակում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am