«Այս հիստերիան, սադրանքները, տեղեկատվական պատերազմը հստակ ուղղորդված են և նախկինների պայքարի մարտավարության մի մասն են». Գայանե Աբրահամյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

– Տիկին Աբրահամյան, դուք երեկ մի գրառում էիք կատարել՝ նշելով, որ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո տարբեր տեսակի հարձակումներ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կանխատեսելի էին։ Կհստակեցնե՞ք՝ ինչ նկատի ունեք, օրենքի ընդունումը վախեցրե՞լ է նախկիններին։

– Միայն օրենքի ընդունումը չէ, որ առաջացրել է հակազդեցություն։ Նաև մի քանի քրեական գործերի, որոնց ուղղությամբ շատ ավելի լուրջ բացահայտումներ են արվել, հատկապես Միքայել Մինասյանի և այլոց գործերով, այս հիստերիան, սադրանքների, մեդիաարշավների, տեղեկատվական պատերազմի այս դրսևորումները հատվածային չեն, դրանք հստակ ուղղորդված են և նախկինների պայքարի մարտավարության մի մասն են։

Քրեական գործերի մանրամասները, բնականաբար, ինձ կամ հանրությանը ծանոթ չեն, բայց այդ գործով անցնողները շատ լավ գիտեն՝ ինչ է կատարվում քննության շրջանակներում, և ինչեր են բացահայտվելու, և այս բավական կոշտ, արդեն սահմաններ չճանաչող հակազդեցության պատճառն այս ամենն է։

Նման փողոցային սադրանքները արդեն մի քանի ամիս է՝ կան, ուղղակի հիմա ուժգնացել են։ Մեկ տարի շարունակ վերբալ ամենալկտի բռնությունն է կիրառվում բոլորիս նկատմամբ, կառավարող ուժի գրեթե բոլոր ներկայացուցիչների վերաբերյալ՝ հայհոյանքներից մինչև մահվան սպառնալիք, և որքան էլ բացարձակ անընդունելի է բռնության որևէ դրսևորում, չէինք կարող բացառել, որ մի օր նման միջադեպ չի լինի և հենց սրան էին ձգտում։

Սադրանքների և հետևանքների վառ օրինակներից էր «Ռեստարտ» ուսանողական միության անդամների հետ կատարվածը․ ամիսներ շարունակ վերբալ բռնություն էր իրականացվում տղաների նկատմամբ, ուղիղ, անվանական հայհոյանքների տարափ, ինչը հանգեցրեց տղաների կողմից պատասխանի։

Դա կանխատեսելի էր, որովհետև երբ դու ամիսներ շարունակ սադրում ես, կարող է գալ մի պահ, երբ մարդու նյարդերը տեղի են տալիս։ Այս ամենն արդեն երկար ժամանակ է իրականացվում, իսկ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից հետո էլ արդեն սադրանքներն այլ դաշտ և մակարդակ տեղափոխվեցին։

Իսկ ինչո՞ւ է այս օրենքն այդքան նյարդայնացնող։ Նախ՝ այն շատ հստակ ու գործուն մեխանիզմներ է պարունակում, որը, իմիջիայլոց, Եվրոպայի խորհուրդը 2015-ից անընդհատ հորդորել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում սա որպես միջոց ներդնել։

Չէին կարող ներդնել, և շատ պարզ էր՝ ինչու։ Ու հիմա իրենք էլ հասկանում են, որ ապօրինի գույքի բռնագանձման ինստիտուտը հենց այդ գործիքն է հանդիսանալու՝ տարիներով թալանածը, կուտակածը վերադարձնելու պետությանը։

– Վերջին շրջանում հատկապես ակտիվ է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա կարո՞ղ է հայտնվել այս օրենքի թիրախում։

– Չգիտեմ, թե ով կհայտնվի, օրենքը բավական լայն շրջանակ է ընդգրկում, իհարկե նախևառաջ դիտարկվելու են հենց պետական պաշտոններ զբաղեցրած և ահռելի ունեցվածք կուտակած անձինք։

Բայց Վանեցանի ակտիվացումը գուցե միայն այս օրենքի ընդունմամբ չէ պայմանավորված, այլ առավելապես իր հետ կապված խնդիրներով, իր մասին տեղեկություններով, որոնք առկա են իրավապահների ձեռքին։

Որոշ ակնարկներ այսօր արել է իմ գործընկեր Հրաչյա Հակոբյանը՝ ֆեյսբուքյան գրառման մեջ։ Երկար ժամանակ Վանեցյանի վերաբերյալ կասկածներ են եղել՝ ելնելով նրա հրապարակած նկարներից, իր կապերի որոշ բացահայտումներից։

– Դուք նկատի ունեք Վանեցյանի՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից հնարավոր հավաքագրված լինելու մասին Հակոբյանի հայտարարությո՞ւնը։

– Այո, դա նկատի ունեմ, այս վարկածը որևէ կերպ բացառել չենք կարող, և իր՝ քաղաքականություն մտնելը, այդ հայտը ներկայացնելը հստակ ցույց էին տալիս, որ հենց դա արվում է որոշակի պաշտպանական դաշտ ստեղծելու, այս ամենը որպես քաղաքական հալածանք հրամցնելու համար։

Պաշտպանության այս մարտավարությունը հուշում է, որ նա բոլորիցս շատ ավելի լավ հասկանում և գիտակցում է, որ բացահայտելու շատ բան առկա է։

– Եթե կան հիմքեր, եթե կան վարկածներ նրա՝ օտարերկրյա գործակալ լինելու մասին, ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվում։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ են մարդիկ պաշտոնից ազատվում ու սկսում իշխանության դեմ հարձակում գործել։

– Հարձակում գործելը ինքնապաշտպանության լավագույն ձևն է, և պաշտոնից ազատվելուց հետո քաղաքական հայտարարություններ անելը հաճախ միակ տարբերակն է խնդիրը իրավականից քաղաքական դաշտ տանելու և պաշտպանության հավելյալ տարածք ապահովելու։

Իսկ ինչու է հիմա խոսվում որոշ բաներ բացահայտելու մասին, քանի որ այդ ամենը ուսումնասիրելը, հիմքեր գտնելը, ապացուցելը բավական ժամանակ ու պրոֆեսիոնալ ռեսուրսներ են պահանջում։

Առավել ևս, իր պաշտոնավարման ընթացքում դա որևէ կերպ հնարավոր չէր իրականացնել։ Ես այս պահին որևէ կերպ չեմ կարող պնդել, թե այդ լուրերը ճիշտ են, իրական են, բայց կարծում եմ, որ Վանեցյանի այդ ակտիվացումը նաև ապացույցն էր այն բանի, որ ինքը գիտի՝ իր դեմ կարող են լինել շատ լուրջ փաստարկներ ու բացահայտումներ։

– Տիկին Աբրահամյան, հաճախ հնչում են դժգոհություններ, որ թավիշը շատ է, շատերն են ներվում։ Եվ վարչապետի խոսնակն էլ վերջերս ակնարկեց իրավապահ համակարգի դանդաղկոտության մասին։ Ի՞նչ եք կարծում, չկա՞ն բավարար փաստեր, ապացույցներ այդ քրեական գործերն առաջ տանելու, թե՞ ցանկություն չկա։

– Շատ բարդ է իրավապահ համակարգը արմատապես բարեփոխելը։ Ընդհանուր առմամբ կարող եմ կիսել և լիովին հասկանում եմ դժգոհությունները։ Հարց է՝ կարո՞ղ էինք արդյոք գնալ վրացական ճանապարհով՝ մեկ գիշերում 18 հազար ոստիկան ազատելով, կադրային ջարդ իրականացնելով, գուցե սա կլիներ լավագույն լուծումը, այո, հենց այս բառերով, որովհետև այլ կերպ այս համակարգը մաքրելը շատ ավելի բարդ կամ անհնար է։

Բայց շատ տարբեր էին մեր երկու երկրների հեղափոխությունները թե՛ առկա իրավիճակով, թե՛ հեղափոխությունների ներքին սցենարներով, և համեմատությունները, որքան էլ գայթակղիչ են, հաճախ տեղին չեն, մեխանիզմները ևս լիովին կիրառելի չէին կարող լինել։

Մենք պետք է նաև հիշենք, որ հեղափոխությանը հաջորդած ամիսներին ունեինք հանրապետական մեծամասնությամբ խորհրդարան, ինչը գրեթե անհնար էր դարձնում նման արմատական փոփոխությունը։

Գուցե ծայրահեղ հնչի համեմատությունս, բայց, իմ տպավորությամբ՝ իրավապահ համակարգում մենք ունենք իրավիճակ, որը որակում են թուրքական խորքային պետություն (deep state) բնորոշմամբ, իրավապահ համակարգում կան որոշ շերտեր, որոնք աշխատում են ոչ թե ի նպաստ պետության և հանրության շահերի պաշտպանության, այլ՝ պետության դեմ։

Ես ուզում եմ շեշտել՝ ոչ թե իշխանության դեմ, որովհետև ես չեմ նույնացնում պետությունն ու իշխանությունը, այլ հենց՝ պետության։ Պետք է հասկանանք, որ այն, ինչ հաճախ իրականացվում է այդ մարմիններում ծպտված որոշ շերտերի կողմից, իրականացվում է պետության դեմ։

Այս առումով աշխատանքը չափազանց մեծ է, դժվար բացահայտելի, և իրավապահ բոլոր մարմիններում պետք է խորքային բարեփոխումների գնանք, ինչը, օրինակ՝ Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությամբ արդեն նախանշված է և նախատեսված գործողությունների իրականացումն ապահովելու է իրական բարեփոխում, նույնը պետք է իրականացնել նաև մյուս բոլոր համակարգերում։

– Եվ մի հարց ձեր թիմի ներսում տրամադրությունների մասին տեղեկություններ են տարածվում, որ ներսում պառակտում կա։ Այսօր էլ գրվել էր, թե Տիգրան Ավինյանն է պատրաստվում հրաժարական տալ։ Ի՞նչ կասեք այդ լուրերի մասին։

– Առավել միակամ ու միասնական, քան այսօր ենք, մենք երևի չենք եղել կամ գուցե եղել ենք միայն հեղափոխության օրերին։

Այսօր բոլորս հստակ տեսնում ենք, թե ինչ հսկայական ֆինանսական և այլ ռեսուրսներով են մոբիլիզացվել մեր դեմ, և մեր միասնական պայքարն առավել կարևոր է հենց այսօր, սա բացարձակ իշխանություն պահելու մասին չէ, սա կոռուպցիոն համակարգի տապալման և ժողովրդավարական համակարգերի ստեղծման եզակի հնարավորության մասին է, որը տապալելու իրավունք չունենք։

Եթե նախորդ ամիսներին տարբեր նախագծերի, տարբեր ոլորտների զարգացման տեսլականների շուրջ ունեցել ենք հակասություններ, ապա այս պահին, հատկապես կորոնավիրուսի համաճարակի բարդ շրջանում, դրանից բխող հնարավոր ճգնաժամերի կանխարգելման այս փուլում մենք միասնական ենք։

Պառակտման տպավորությունը հաճախ ստեղծվում է ընդունված նորմերի շրջանակներում դատողություններ անելու հետևանքով, քանի որ մենք առնվազն մեկ տասնամյակ որպես իշխանություն տեսել և ընկալել ենք տոտալ կառավարվող, մեկ կարծիք ունեցող և որևէ տարաձայնություն չընդունող, կարծիք չարտահայտող կամ չունեցող սուբյեկտների միասնություն:

Այսպիսի ընկալումների և օրինաչափության պրիզմայով եթե կողքից նայում ենք «Իմ քայլը» խմբակցությանը, ապա կարող է թվալ, թե խմբակցություն չկա ընդհանրապես, մինչդեռ մեր ուժը հենց մեր ներսում առկա բանավեճերն են, կարծիքների բախումներն ու դրա արդյունքում ծնված շատ ավելի ճիշտ որոշումները, և սա է նորմալ քաղաքական գործընթացը, ինչին մենք տարիներով ենք ձգտել։

Բայց մեր հանրության մեջ սա կարող է մեկնաբանվել որպես պառակտում, բախում և այլն։ Նորից եմ շեշտում՝ այսօր հատկապես որևէ պառակտում չկա և ավելի միակամ ու միասնական ենք, քան երբևէ։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am