Ձկնամթերքի մասին վարչապետի հայտարարությունը վնաս էր տնտեսվարողների համար. կառավարության նիստը զրուցարան չէ․Պիպոյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը

– Պարո՛ն Պիպոյան, գործադիրի այսօրվա նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանում արտադրվող ձկնամթերքի որակին, նշեց, թե ինքը վաղուց ձուկ չի ուտում. «Ես, օրինակ, իմ անձնական փորձը ասեմ, կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց աճեցված ձուկ չեմ օգտագործում, շատ վաղուց: Որովհետև իմ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա: Նախ պատահում է՝ անբնական, ինչ-որ ճարպերը հոսում են վրայից, ինչ-որ տարօրինակ և անտրամաբանական»: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ էր տեղին նման հայտարարությունը կառավարության նիստում։

– Կամայական հայտարարություն պետք է հասցեատեր ունենա, հարց է առաջանում՝ ո՞վ է այս ձևակերպման հասցեատերը, ինչո՞ւ է այս ամենն ասվում: Ինչո՞ւ եմ այստեղից սկսում, որովհետև առողջապահության մեջ կա մի կարևոր սկզբունք՝ մի՛ վնասիր, հաշվի առնելով, որ տնտեսության մեջ էլ է այս կանոնը գործում, իսկ կառավարության ղեկավարը նաև այդ տնտեսության համար մեկ պատասխանատուն է, այդ՝ մի վնասիր սկզբունքը պետք է նաև այստեղ գործի: Իսկ այս հայտարարությունը միանշանակ վնաս էր, որովհետև սահմանափակումների հետևանքով մեր ձուկ արտադրողները հայտնվել են շատ դժվար իրավիճակում, կառավարությունը պետք  է գործուն քայլեր ձեռնարկի այս վիճակից մարդկանց դուրս բերելու համար: 

Արդյոք մենք ունե՞նք վատ տնտեսվարող սուբյեկտներ, այո՛, ունենք, և կառավարությունը չպետք է աջակցի նրանց, իսկ լավ տնտեսվարող սուբյեկտներին, որոնց ևս ունենք, պետք է հնարավորություններ տալ, որպեսզի թացը չորից տարբերվի, բայց երբ դու ամեն բան խառնում ես իրար, չորն էլ է թրջվում: 

Եթե ես նման հայտարարություն լսեի որևէ զրուցարանում նստած քաղաքացուց, չէի զարմանա, հիմա, եթե մենք դիտարկենք, որ Կառավարության նիստերի դահլիճը զրուցարան է, նորմալ է, բայց եթե մենք հասկանում ենք, որ այդտեղ Հայաստանի կառավարության նիստն է ընթանում, դա արդեն դառնում է ոչ նորմալ, որովհետև դա վնաս է տալիս: Վնաս է, որովհետև երբ երկրի վարչապետը նման բան է ասում, ապա, ոնց էլ չլինի, կգտնվեն մարդիկ, որոնք կասեն՝ եթե վարչապետը չի ուտում, մենք էլ չենք ուտի, քանի որ անորակ է, ստացվում է, որ մեր տնտեսվարողները, որ չէին կարողանում այդ ձուկը դրսում վաճառել, ներսում պետք է էժան վաճառեին, դա էլ չեն կարողանա անել: 

Երկրորդ՝ արտաքին աշխարհին դու ուղերձ ես տալիս, որ մեր երկրից եկած ապրանքին ուշադիր լինեն, որովհետև վատն է: Եթե այս հայտարարությանը հաջորդեր խիստ հանձնարարական, երեք պաշտոնանկություն հետևեր, այս հայտարարությունից օգուտ կլիներ, բայց եթե դու չես գիտակցում, որ ութ տարի դու ես իշխանություն ու դու ես պատասխանատու սննդի անվտանգության համար, որովհետև դա էլ արտաքին պարտք կամ սպառազինություն չէ, որ ասես նախկիններն են արել, էլ ո՞ւմ վրա եք մուննաթ գալիս: 

Նման հայտարարություններն արվում են փակ սենյակում, բայց դրանից հետո աշխատանք է տարվում, որպեսզի բարեխիղճ արտադրողը չտուժի, բայց եթե դու գործ չես անում, քո չարած գործի համար ստիպված հայտարարություն ես անում, որի հասցեատերն էլ պարզ չէ, ապա սա արդեն խնդիր է: Իսկ եթե հայտարարության իմաստն այն էր, թե, հարգելի՛ Ռուսաստան, ես քեզ լրիվ հասկանում եմ, թե ինչ ես անում, ապա շատ վատ է: Որևէ քաղաքական գործիչ եթե ասեր այն, ինչ այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը, իշխանական ամբողջ թևը նրան ասելու էր «ռսի շպիոն»:

– Անդրադառնալով սահմանափակումներին՝ Փաշինյանը պնդում է, թե սա Հայաստանի համար հնարավորություն է, որ իրենք ելքը կգտնեն, բայց, այ, ԵԱՏՄ-ի համար խնդիր է: Դուք է՞լ եք այսպես կարծում, պարո՛ն Պիպոյան:

– Հնարավորություն կլինի, եթե դու աշխատես: Չի կարելի ասել՝ մենք ամեն ինչ արել ենք դիվերսիֆիկացնելու համար, բա որ ամեն ինչ արել եք, այդ ո՞նց եղավ, որ մեր ձուկը միայն ռուսական շուկայի համար էր պատրաստ, բա հիմա ասում եք՝ մեր ձուկն ուտելու բան չէ, բա էդ ի՞նչ էիք արել, որ դիվերսիֆիկացվեր: Գնայիք աջակցեիք, ի՞նչ եք արել, խորհրդատվական կենտրոննե՞րն եք փակել, որ գյուղացուն կարող էին այդ ոլորտում խորհուրդ տալ, ի՞նչ եք արել: 

Դիվերսիֆիկացման լրիվ հակառակն եք արել, Հայաստանի տնտեսությունը սարքել եք Ռուսաստանից լրիվ կախյալ, ո՞նց եք սարքել կախյալ. մարդը ծաղկի ջերմոց է դրել, դուք չեք ասել․ հարգելի՛ս, այսքան ծաղկի ջերմոց որ դնում եք, միայն Ռուսաստանի պատվերով ծաղիկ եք աճեցնում, մեր երկրի ներսում ջերմոց պետք չէ, մենք որպես պետություն փող չենք տալու: 

Արդյունքում ոլորտը բերել հասցրել եք մի վիճակի, որ այսօր Ռուսաստանը կարողանում է պլանավորել Հայաստանի գյուղատնտեսությունը: Այլևս Ռուսաստանն է պլանավորում, որովհետև նրա պլանավորմամբ դու շուտով քո ջերմոցների մի մասը կփակես, քո ձկնաբուծարանների մի մասը կփակես: Ով որ կողմից ինչքան ուզում է խոսել, փաստ է, որ Ռուսաստանը Հայաստանում հասել է նրան, որ պլանավորում է մեր տնտեսությունը, իսկ դրան իրական հակադրություն, իրական այլընտրանքային քայլեր չեն արվում: 

Մեզ հասցրել են մի վիճակի, որ մենք գնում ենք որդեգրման, մեղմ ասած, ի դեպ, ոչ մեկի որդեգրումն էլ չեմ ուզում, որովհետև չգիտեմ, թե մեզ ի՛նչ նպատակներով են որդեգրում: Հայաստանը փող է ծախսում ռուսական շուկայի պատվերով տնտեսությունը կազմակերպելու վրա, ուռա՜ հայրենասիրություն ու ինքնիշխանություն: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am