ՀՀ կառավարությունը ՊՆ-ին 2024 թ.-ին կհատկացնի 37.7 մլրդ դրամով ավելի շատ գումար

ՀՀ պաշտպանության նախարարության ծախսերի ապահովման համար 2024 թվականին կհատկացվի 555 մլրդ դրամ, որը 37.7 մլրդ դրամով կամ 7.3 տոկոսով ավելի է 2023 թվականի ցուցանիշից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ի Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

Ինչ վերաբերում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության` 2024 թվականի բյուջեին, ապա այն կկազմի 311,6 մլրդ դրամ:

«Ըստ առանցքային ուղղությունների` ճանապարհային ոլորտում` ներքին աղբյուրների հաշվին, նախատեսվում է իրականցնել շուրջ 100 կմ երկարությամբ միջպետական, 110 կմ երկարության հանրապետական և 130 կմ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների և 8 տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, 107 կմ միջին նորոգման, 4 074 կմ ամառային և 4 841 կմ ձմեռային պահպանման, ինչպես նաև` 3 թունելների, 5 կամուրջների պահպանման ու շահագործման աշխատանքներ` 75.6 մլրդ դրամի չափով»,- նշեց Հովհաննիսյանը:   

Նախարարը տեղեկացրեց, որ 2024 թվականին ջրային ոլորտում կշարունակվի փոքր և միջին ջրամբարների կառուցումը: 

«6 ջրամբարի համար ձեռք կբերվեն նախագծահաշվարկային փաստաթղթեր, 9-ի մասով կիրականացվեն տեխնիկատնտեսական ուսումնասիրություններ, կսկսվեն 3 ջրամբարների կառուցման աշխատանքները, կմեկնարկի մեկ ջրամբարի վերականգնման և վերազինման աշխատանքները` շուրջ 2.3 մլրդ դրամով»,-ասաց նախարարը:

Նա ավելացրեց, որ կմեկնարկեն 30 ջրավազանների վերականգման աշխատանքները, որոնց ընդհանուր գումարը կկազմի 2.7 մլրդ դրամ: 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը բյուջեն 2024 թվականին կկազմի 92 մլրդ դրամ, որը 27,4 մլրդ դրամով կամ 41.9 տոկոսով ավելի է 2023 թվականից: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն կկազմի 745 մլրդ դրամ, որը 91.5 մլրդ դրամով կամ 14 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:

ՀՀ առողջապահության նախարարության բյուջեն կլինի 168 մլրդ դրամ, որը 26 մլրդ դրամով կամ 18.4 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջեն կկազմի 345 մլրդ դրամ, որը 95 մլրդ դրամով կամ 38 տոկոսով ավելի կլինի 2023 թվականից: 

Կառավարությունը հաստատեց ներկայացված բյուջեի նախագիծը: