ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի նկատմամբ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի՝ Դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։
Իոաննիսյանը հայտնել էր, որ հաղորդում է ներկայացրել Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ՝ այն որակելով որպես խուլիգանության հնարավոր դրսևորում։
Նշենք, որ համացանցում տարածված տեսանյութի համաձայն` Ավետ Կոնջորյանը հանրային վայրում` փողոցում մեքենայի միջից բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցնում: Ուշագրավ է, որ այդ տեսանյութում Ավետ Կոնջորյանին պարեկային ծառայությունն է ուղեկցում: Այս դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել:
Հիշեցնենք՝ հուլիսի 27-ին հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը։ Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են չորս տղամարդ մոտենում գետնին ընկած տղամարդուն (ենթադրաբար՝ Ավետ Կոնջորյանին – խմբ.), սկսում ոտքերով և բռունցքներով հարվածներ հասցնել նրան, ապա հեռանում դեպքի վայրից։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, և հինգ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հատկանիշներով։



















