Լավրովը հաջորդ շաբաթ Թուրքիա այցի ընթացքում կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը կայցելի Թուրքիա: Կողմերը կքննարկեն Լեռնային Ղարաբաղում, Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Շփումների ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին՝ երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարներն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում, այդ թվում՝ առևտուրը, էներգետիկան, զբոսաշրջությունը:

Տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող ներկա իրավիճակի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի կարգավորման, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Աֆղանստանի շուրջ», – հայտնել է  Զախարովան: