«Տպավորությունն այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ՀՀԿ կառավարման 10 տարիների անգործության ու որոշումների համար». Ստյոպա Սաֆարյան

«Տպավորությունն այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ՀՀԿ կառավարման 10 տարիների անգործության ու որոշումների համար». Ստյոպա Սաֆարյան
«Տպավորությունն այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ՀՀԿ կառավարման 10 տարիների անգործության ու որոշումների համար». Ստյոպա Սաֆարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:

– Պարո՛ն Սաֆարյան, Ազգային ժողովում ՀՀԿ խմբակցությունը հանդիպեց Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ տպավորություն ստացաք այս հանդիպումից ու հարցուպատասխանից:

– Ընդհանուր հասկացանք, որ առաջին հերթին ՀՀԿ պատգամավորները փորձում էին Նիկոլ Փաշինյանից պատասխաններ կորզել, որ ով էլ լիներ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի փոխարեն, կաներ նույնը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ԵԱՏՄ-ին անդամակցելուն, ՀԱՊԿ-ում մնալուն: Փորձում էին ցույց տալ, որ տես՝ դու ընդդիմադիր կարգավիճակում այլ բան էիր ասում, բայց հիմա ստիպված ես ասել այն, ինչ Սերժ Սարգսյանն էր ասում:

Ես կարող եմ արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը ծուղակը չընկավ, որովհետև դիրքորոշումները, որոնք վերջին շրջանում արտահայտել էր ԵԱՏՄ կազմում մնալու, ՀԱՊԿ-ից դուրս չգալու և այլնի հետ կապված, իր պատասխանը պետք է ամբողջական դիտարկել:

Ինքը ոչ միայն խոսում է նրա մասին, որ իրողություններն այնպիսին են, որ ինքն այժմ դա է պնդում, այլ նաև նշում էր, որ իր պարտականությունն է համարում առանձնացնել իրավիճակի օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոնները, այսինքն՝ այն գործոնները, որոնք մեզանից կախված չեն և որոնք փոխել չենք կարող:

Այսինքն՝ ինքն ակնհայտորեն հասկացավ ու գիտակցեց լարված ծուղակը, գրեթե հասկացնելով, որ ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը ոչինչ չեն արել այդ իրողությունները փոխելու ուղղությամբ: Եթե փոխեին այդ իրողությունները, բնականաբար, մենք կունենայինք իրավիճակի այլ օբյեկտիվ պատճառներ ու այլ որոշում: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը խնայեց ՀՀԿ-ին, հեռուն չգնաց՝ հասկանալով, որ վաղը կախված են լինելու նրանց քվեներից, բայց կարծում եմ՝ ՀՀԿ-ին չհաջողեց հասնել իր ուզածին:

– ՀՀԿ-ն այս հանդիպմանը կարծես ընդդիմության դիրքերից էր հանդես գալիս:

– Հարցերի մի մասն ընդհանրապես զվարճալի էր, որովհետև տպավորությունն այնպիսին էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխան տա ՀՀԿ կառավարման 10 տարիների անգործության ու որոշումների համար: Օրինակ՝ «Նաիրիտի» վերագործարկման, Ադրբեջանի սպառազինությունների, երկրի սոցիալական վիճակի, տնտեսական աճի մասին հարցեր եղան, հարցնում են՝ երբ ենք լավ ապրելու: Այո, կարծես ՀՀԿ-ն ընդդիմության դերն էր ստանձնել:

– ՀՀԿ-ն գիտակցո՞ւմ է, որ այլևս չի կարող լինել իշխանություն:

– Մյուս տպավորությունն այն էր, որ ՀՀԿ-ն, փառք Աստծո, գիտակցում է, որ գնացքը գնացել է, և իրեն պահում է ընդդիմության նման և արդեն իսկ կատարում է այդ դերակատարումը: Թերևս այս առումով տեղի ունեցածը ողջունելի է: Սա իսկապես աննախադեպ բան է, որ թավշյա հեղափոխությունը թշնամանքն այնքան չխորացրեց, որ Նիկոլ Փաշինյանի ու ՀՀԿ-ի միջև թշնամանքի պատեր առաջանային: Կարողանում են պահել կոմունիկացիան, ինչը շատ կարևոր է բոլոր նման քաղաքական պրոցեսներում, ինչպիսին էլ լինի վերաբերմունքդ մյուս կողմի նկատմամբ, դու պարտավոր ես պահել ռազմավարական այդ կոմունիկացիան:

– Այս ֆոնին ի՞նչ քվեարկություն պետք է սպասել մայիսի մեկին Ազգային ժողովում:

– Շատ դժվար է կանխատեսել, որովհետև Սերժ Սարգսյանի բացակայության պայմաններում շատ բարդ է ասել, թե ՀՀԿ-ն իրեն ինչպես կպահի: Այդ անհամասեռ կառույցն իրեն միասնական էր պահում, երբ Սերժ Սարգսյանը կար: Ինքն էր որոշում, և միաձայն կողմնորոշվում էին: Բայց քանի որ Սերժ Սարգսյանը հեռացել է, և վերջին շրջանում կարծես ՀՀԿ-ում խմորումներ կային, Կարեն Կարապետյանի թևն էր ուզում վերցնել ամբողջ իշխանությունը և այլն, այս ամենով դժվար է ասել, թե վաղն իրենց ինչպես կպահեն: ՀՀԿ-ում կա և՛ գաղափարական թև, և՛ օլիգարխիկ, և՛ հին ու նոր թևեր, այս ամենով հանդերձ դժվար է ասել՝ ի՛նչ կլինի:

Իհարկե, նկատելի է, որ որոշ անձանց ներսում թշնամանքը, վախերը և անհանդուրժողականությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ այնքան մեծ են, որ նրանք դժվար թե կողմ քվեարկեն: Բայց ես կարծում եմ, որ այդ ամբողջի մեջ կգտնվեն մարդիկ, ովքեր միգուցե իրենց պաշտպանելու, միգուցե իրենց անցումը սահուն ապահովելու նկատառումներով կփորձեն սիրաշահել Նիկոլ Փաշինյանին, կողմ կքվեարկեն՝ փորձելով այդկերպ պաշտպանվածություն ստանալ:

– Կանխատեսվում է, որ գործարար հատվածը կողմ կքվեարկի:

– Կարող է կողմ քվեարկեն և՛ գործարար հատվածից, և՛ երիտասարդական թևից: Տպավորությունն այնպիսին է, որ համենայնդեպս ՀՀԿ-ն այլևս նախկինի նման չի դիմադրում իշխանությունը փոխանցելու հարցում: Բայց նաև միանշանակ է, որ փորձում է խորամանկել տարբեր ձևերով: Հիմա, թե ի՛նչ այլ խաղեր կլինեն այդ կուսակցության ներսում, բավական դժվար է ասել, որովհետև ՀՀԿ-ն ինքը մի խառը կոնգլոմերատ է՝ բաղկացած և՛ հին կուսակցականներից, որոնք քիչ են դավաճանել, և՛ պատեհապաշտներից, և՛ օլիգարխներից, որոնք պաշտպանվածություն են գտնել ՀՀԿ հովանոցի ներքո և այժմ նոր հովանոցի կարիք կունենան:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am