Մենք պատասխանատու հանքարդյունաբերություն ենք իրականացնում. ադրբեջանցիների նամակն ինձ այնքան էլ չի հետաքրքրում. մարզպետ. Factor

Մենք պատասխանատու հանքարդյունաբերություն ենք իրականացնում. ադրբեջանցիների նամակն ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, անդրադաեռնալով դիտարկմանը, որ ադրբեջանական ՀԿ-ները նամակով դիմել էին ՀՀ վարչապետին՝ նշելով, որ ԶՊՄԿ-ն բնպահպանական լուրջ խնդիրներ է առաջացնում։

Ղուկասյանը հավելեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի հանքարդյունաբերության ազդեցությունը նվազագույնի հասցվի և բնապահպանական խնդիրներ չառաջանան։ Անդրադառնալով ադրբեջանական կողմից հնչող «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, Սյունիքի մարզպետը նշեց, որ այդ արտահայտությունը ո՛չ փաստաթղթերում կա, ո՛չ էլ բանակցություններում։

«Պաշտոնական Երևանը դա բացառում է, բացառում եմ նաև ես, միանշանակ է, որ Զանգեզուրի միջանցք չի լինելու։ Անիմաստ է դրա մասին խոսելը, այդ խոսույթը չպետք է զարգացնենք։ Կա հստակ դիրքորոշում՝ չի լինելու, և պետք է լինի վերջակետ։ Իհարկե, Ադրբեջանը շատ հարցեր կփորձի օրակարգ բերել, բայց մենք դրանք մեր օրակարգ չպետք է բերենք։ Ադրբեջանը սադրում է, անում է ամեն ինչ, որ տանի ուժային լուծման։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք և այնտեղից եկող տեղեկությունները չտարածենք մեր մեջ»,- նշեց Ղուկասյանը։

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։