2023-ին ընտանիքում բռնության դեպքերն աճել են 42 տոկոսով

 Հայաստանում 2023 թվականին ընտանիքում բռնության արձանագրված դեպքերն աճել են 151-ով կամ 42 տոկոսով. եթե 2022 թվականին արձանագրվել էր նման 357 դեպք, ապա 2023 թվականին՝ 508:

Այս մասին  տեղեկացանք Գլխավոր դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումից։ 

«2021 թվականին արձանագրվել էր ընտանիքում բռնության 500 դեպք: 2023 թվականին արձանագրված 508 դեպքից 308-ը կամ 61 տոկոսը կատարվել են ամուսնու կողմից կնոջ նկատմամբ (նախորդ տարվա համեմատ` ցուցանիշը նվազել է 5-ով. 2022 թվականի նույն ցուցանիշը կազմել էր 66 տոկոս)»,- ասված է դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ընտանիքում սպանության դեպքերի նվազում. արձանագրվել է նման 3 դեպք, իսկ նախորդող երկու տարիներին արձանագրվել էր ընտանիքում սպանության 4 դեպք, ընդ որում՝ 2022 թվականին արձանագրված 4 դեպքն էլ կատարվել էր ամուսնու (այդ թվում՝ նախկին) կողմից կնոջ նկատմամբ, 2023 թվականին արձանագրված 3 դեպքից 2-ն է կատարվել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ:  

«Ընտանիքում առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերի թիվը 8-ն է, այն պարագայում, երբ 2022 թվականին նման դեպք չէր արձանագրվել, իսկ դրան նախորդող տարում նման 1 դեպք էր արձանագրվել: Ընտանիքում բռնության դեպքերի գերակշիռ մասը ֆիզիկական ներգործության (ծեծի կամ բռնի այլ գործողությունների) դեպքեր են: Բացառություն չի կազմել նաև 2023 թվականը. արձանագրվել է նման 372 դեպք նախորդ տարվա 249-ի դիմաց. դեպքերն աճել են 123-ով կամ 49.4 տոկոսով»,- նշված է գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։