Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի հետ

Փետրվարի 27-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:

ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի միջև հաստատված համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը և Ֆիլիպո Գրանդին անդրադարձել են 2020թ. 44-օրյա պատերազմի և ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին՝ ընդգծելով դրանց հասցեագրման հրատապությունը: Այս համատեքստում քննարկվել են նշյալ իրադարձությունների ընթացքում տեղահանված անձանց աջակցության հարցեր: