Ավստրիայի խորհրդարանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը դատապարտող բանաձև

Հոկտեմբերի 19-ին Ավստրիայի խորհրդարանը միաձայն ընդունեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը դատապարտող բանաձև։ Այս մասին տեղեկանում ենք Ավստրիայում Հայաստանի դեսպանության հաղորդագրությունից:

«Բազմաթիվ պատգամավորներ հանդես եկան Ադրբեջանին դատապարտող ելույթներով՝ կոչ անելով Ավստրիայի դաշնային կառավարությանը սատարել Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված ժողովրդին։

Օրենսդիր մարմնում ներկայացված բոլոր հինգ խմբակցությունների աջակցությունը ստացած բանաձևը կոչ է անում դաշնային կառավարությանը միջազգային «բոլոր հարթակներում և երկկողմ քննարկումներում դատապարտել Ադրբեջանի ռազմական գործողությունները, որոնք հանգեցրել են ավելի քան 100,000 էթնիկ հայերի զանգվածային արտագաղթը Լեռնային Ղարաբաղից»:

Բանաձևն ընդգծում է Լեռնային Ղարաբաղում մնացած էթնիկ հայերի և Լեռնային Ղարաբաղ վերադառնալ ցանկացողների իրավունքների պաշտպանության, Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման կարևորությունը։

Ավստրիայի դաշնային կառավարությանը նաև կոչ է արվում ներգրավվել միջազգային մարդասիրական կազմակերպությունների ազատ և անխոչընդոտ, երկարատև մուտքը Լեռնային Ղարաբաղ ապահովելու, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային արժեքների և եկեղեցիների համապարփակ պաշտպանության համար։ Բանաձևը նաև հանդես է գալիս Հայաստանին՝ որպես Ավստրիական զարգացման համագործակցության առաջնահերթ երկիր, անհրաժեշտ միջոցների տրամադրման օգտին՝ հումանիտար իրավիճակի հետագա կայունացման համար»,-մասնավորապես նշված է հաղորդագրության մեջ: