«Ակնհայտ էր ուղղորդման օրակարգը. հերթական սեպը խրել Արցախի ու Հայաստանի միջև»․ Գայանե Աբրահամյանը՝ երեկվա հավաքի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբարհամյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․

«Արդեն հայտարարվել է, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը որևէ առնչություն չունի «Իմ քայլը» դաշինքի կամ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ: Այս հավաքը ես սկզբում պարզապես դիտարկեցի հավաքների ազատության տիրույթում, ինքնաբուխ ակցիա, որն իրավունքի և սովորության ուժով հաճախ է իրականացվում, սակայն եթե մի տեղ հնչում են բռնության կոչեր ու դա արվում է «ի աջակցություն» վարչապետի, ապա ակնհայտ է, որ սա հերթական սադրանքն է, անգամ եթե այնտեղ կային անկեղծ և ազնիվ սատարողներ:

Ակնհայտ էր նաև ուղղորդման օրակարգը. հերթական սեպը խրել Արցախի ու Հայաստանի միջև: Բռնության կոչ հնչեցնել Արցախի նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական կամ որոշ խմբավորումների ջրաղացին ջուր լցնել»։