Կապկազ թամաշա՝ շշերով

Մհեր Արշակյան

Հավանաբար շատերին է հետաքրքիր՝ էս ի՞նչ բեսպրեդել է ԱԺ-ում: Ի՞նչ հարց է լուծում այս ԱԺ-ն, որ իրավունք չունի իրեն պահել այնպես, ինչպես պահում է: 

Ամբողջ խնդիրն այն է, որ պառլամենտական երկրի գլխավոր քաղաքական մարմինը այսպիսի պահվածքով ոչ մի հարց էլ չի լուծում: Եվ եթե իշխանությունն ու ընդդիմությունը շշերն իրար վրա շպրտելու փոխարեն ամբողջ օրը սեր խոստովանեին, էլի ոչ մի հարց չէին լուծելու: 

Ավելին, չպետք է լուծի, նրա վրա այդպիսի խնդիր դրված չէ: Եթե իսկապես քաղաքական խնդիր դրված լիներ, պատգամավոր ուրիշ մարդիկ կդառնային և՛ որպես իշխանություն, և՛ որպես ընդդիմություն: Այս ԱԺ-ն միայն մի առաքելություն ունի՝ ամրագրել խաղաղությունը: 

Ու Ալենին դա ասված է՝ եղիր ազատ, ում ուզում ես՝ զրկիր ձայնից, քո Սիսակի հետ լրագրողների հետ ինչ ուզում ես արա, թող անվտանգության ծառայությունը ծեծի ում ուզում է, դուք ձեր գրպանի փողը, պարգևավճարը (առաջիկայում կվերականգնեն) ու աշխատավարձը կստանաք ու կապրեք ձեր կայֆերով: 

Ոչնչի մասին մի՛ մտածեք: Հիշեք, այս ԱԺ-ն որևէ գործառույթ չունի: 

Ժողովուրդը սպասում է հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը, և դա պիտի անի ԱԺ-ն: ՔՊ-ն այստեղ սոսկ կոճակ է, առնվազն 95 տոկոսը որևէ անելիք չունի ԱԺ-ում, բացի կոճակի դերը կատարելուց, երբ կորոշվի, որ Ադրբեջանին են հանձնվելու նախկինում իրեն պատկանող բոլոր անկլավները և որոշ տարածքներ Վարդենիսից, որի մասին դեռ լռում են: 

Եվ ամենակարևորը՝ Հայաստանն այդ պայմանագրով պարտադիր ճանաչելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Շարունակենք: 

Լրագրողներն ինչքան ուզում են թող բղավեն, թե իրենց իրավունքները ոտնահարվում են, Դանիել Իոաննիսյանը քանի բողոք ուզում է, թող գրի դատախազությանը կամ Քննչական ծառայությանը, Սահմանադրության ինչ հոդված ուզում է թող մեջբերի հանուն իր և լրագրողների իրավացիության, լինելու է միայն այն, ինչն արդեն լինում է՝ շշերը կշպրտվեն, Վահագն Ալեքսանյանն իր ֆուտբոլը կխաղա ինչ-որ օլիգարխի վրա: 

Պատմության տեսանկյունից այս ամենը ոչ մի բան է, մնալու է այն, որ 2021 կամ 2022 թվականին կամ գուցե 2026-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվեց խաղաղության համաձայնագիր: Պատմության մեջ չի մնա նույնիսկ այն, որ այս հազարամյա չլսված աղետի պատասխանատուն հայ ժողովուրդն է, որն իշխանության բերեց քաղաքականությունից ու դիվանագիտությունից բոբիկ մեկին: 

Տեղի ունեցածին նայեք պատմության տեսանկյունից, նայեք աշխարհակարգի տեսանկյունից, ոչ որպես հայ և նույնիսկ ոչ որպես մարդ, որը ցավում է ղարաբաղցիների իրավունքների և Հայաստանի ապագայի համար: 

Որովհետև աշխարհակարգի գլխին էլ են կանգնած մարդիկ, որոնք նույնպես չեն ցավում ղարաբաղցիների և Հայաստանի համար: Եվ օբյեկտիվորեն, ըստ քաղաքական առաջնահերթության չեն ցավում, ոչ թե այն պատճառով, որ պաթոլոգիկ զզվանք ունեն Ղարաբաղի և Հայաստանի քաղաքացիների նկատմամբ: 

Պատմության տեսանկյունից հիմա ԱԺ-ում ոչինչ էլ տեղի չի ունենում, եթե, իհարկե, մի սիրուն խորագիր չգտնվի այսօրվա ծեծկռտուքի համար, ասենք՝ «Շշերով պարը»: Հաճելի է մեզ դա, թե ոչ, բայց ապագայի դասագրքերը այս ծեծկռտուքները չեն էլ հիշելու, հիշելու են սոսկ հակամարտությունը և գտնված կամ բաց թողնված լուծումները:

Պատմության մեջ չեն մնա Աերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնց օրոք Ղարաբաղը մերն էր, բայց մատը մատին չխփեցին, որ ավելի մերը լինի, Լևոն Տեր-Պետրոսյանը գուցե կմնա որպես ազատագրող և ղարաբաղյան հարցի արժանապատիվ լուծման ջատագով, բայց նաև մեկը, որի կենդանության օրոք արժանապատիվ լուծում չտրվեց, որովհետև դուք բոլորդ գնալու եք, ոչ մեկիդ անունը չի մնալու, ոչ մեկը Յութուբ չի քրքրելու՝ հասկանալու համար, թե ինչ էր ծխում հայ ժողովուրդը, որ 30 տարի ունենալով Արցախը իրեն պահելու հնարավորություն՝ կորցրեց 44 օրում ու դեռ կրկին վարչապետ դարձրեց մարդու, որը այդ պարտության թագն ու պսակն է, թեպետ ոչ անմիջական հեղինակը: 

Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն էլ էր կոճակ, ու ՀՀԿ նախագահը միակն էր, որ դա գիտեր: Ու հենց այդպես էլ նախատեսված էր, որ այն պետք է միայն դակի խաղաղության պայմանագիրը: Ուղղակի չստացվեց, որովհետև նրանց նախագահը լեգիտիմ չէր, Սերժ Սարգսյանը չգնաց այդ ռիսկին, թեպետ նրա ԱԺ-ն էլ ինչ ուզում անում էր (ոչ այս աստիճանի, իհարկե): 

Հիմա Նիկոլ Փաշինյանը գիտի, թե ինչ գործառույթ ունի այս ԱԺ-ն, այն որևէ խնդիր չպետք է առաջացնի, նախկին ԲՀԿ-ական Վահագն Ալեքսանյանը պիտի քացի տա, որպեսզի ընդդիմությունը տեսնի, թե բռունցքները որտեղ են օգտագործվում: 

Մի օր իսկապես կակղելու է ընդդիմությունը, որովհետև ամեն օր ծեծվել հնարավոր չէ, դեռ քրեական բազում գործեր էլ կան, թող փորձեն ծպտուն հանել: Այնքան մանկամիտ են ընդդիմադիր ծերուկները, որ Փաշինյանի ժպիտն անգամ չեն նկատում այս ամբողջ անբարոյականության նկատմամբ: 

Իսկ նրա ժպիտը տեղին է՝ կերեք իրար, դա օրակարգային չէ, մորթեք, փրթեք-թափեք իրար, ես ձեզ էստեղ հավաքել եմ մի բանի համար, որի ներքո նույնիսկ ձեր ֆիզիկական ոչնչացումները չեն երևա: 

Պատմության զգացումով պետք է նայել հարցին: Իսկ աշխարհը գրում է Հայաստանի պատմությունը ինչ-որ մի տեղ: Այս անգամ՝ իսկապես առանց հայերի:

Մհեր Արշակյան

MediaLab.am