Կոմպրոմիս , թե մտածված քայլ. ինչո՞ւ քոչարյանական կադրերը կառավարություն բերվեցին

Կոմպրոմիս , թե մտածված քայլ. ինչո՞ւ քոչարյանական կադրերը կառավարություն բերվեցին
Կոմպրոմիս , թե մտածված քայլ. ինչո՞ւ քոչարյանական կադրերը կառավարություն բերվեցին

Հայաստանում տեղի է ունեցել քոչարյանական օլիգարխիկ ռեւանշ: Ռոբերտ Քոչարյանի ազդեցությունն ուժեղացել է: Վերլուծաբան, «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի»  փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, այս մասին է վկայում Հայաստանի կառավարության նոր կազմը: 

«Այս  հարթության վրա տեղի է ունեցել ներիշխանական կոմպրոմիս: Այն լարումները, որ կար Տիգրան Սարգսյանի կառավարման հատկապես վերջին ամիսներին, այն ինչ գոյություն ուներ հատկապես երբ Հայաստանը պատրաստվում էր նախաստորագրել ԵՄ հետ ասոցացման եւ խորը եւ համապարփակ ազատ առեւտրի  գոտու վերաբերյալ պայմանագրերը, այժմ չկա: Այդ ժամանակ ակնհայտ էր օլիգարխիկ համակարգի սաբոտաժը եւ դիմադրությունը, որը անթաքույց եւ առավելագույնս լկտի ձեւով սնուցվում էր  Ռուսաստանի կողմից»,-անդրադառնալով կառավարության նոր կազմին` «Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, ապրիլի 3-ին շատերի համար անսպասելի հրաժարական տվեց վարչապետ Տիգրան Սարգյանը: Նրա հրաժարականից հետո ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀԿ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ 13-րդ վաչապետի պաշտոնում առաջադրեց, այնուհետ նշանակեց  նշանակեց Հովիկ Աբրահամյանին՝ նրան ընձեռելով լայն ազատություն գործադիրի ձևավորման հարցում:

Ներքաղաքական իրավիճակին եւ վարչապետի նշանակմանն արձագանքեց վերջին ժամանակներում բավականին ակտիվություն ցուցաբերող պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Վերջին հարցազրույցում քննադատության ենթարկելով նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սահմանադրական բարեփոխումների  նախաձեռնությունը, եւ հերթական անգամ՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը,  Քոչարյանը բավականին փափուկ արտահայտվեց Հովիկ Աբրահամյանի նշանակմանը:

«Իմ նախագահության շրջանում Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման լավ նախարար եւ փոխվարչապետ է եղել: Ինչպիսի վարչապետ կլինի՝ ցույց կտա ժամանակը: Ծանր ժառանգություն է ստացել: Նրան անկեղծորեն հաջողություն եմ մաղթում»,-2nd.am կայքին տված հարցազրույցում ասաց նա:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, Սահմանադրության համաձայն պետք է ձեւավորվեր մինչեւ քսանօրյա ժամկետում մինչեւ մայիսի 3-ը: Կառավարության 18 հոգանոց կազմից 9 նախարար վերանշանակվեցին, մյուսները՝ փոխարինվեցին նոր, բայց եւ հանրությանը ծանոթ ու հին դեմքերով:

Նկատենք, որ նորանշանակ որոշ նախարարներ հայտնի են դեռեւս Քոչարյանի նախագահության ժամանակաշրջանից, կամ էլ դասվում են վերջինիս հետ սերտ կապեր ունեցողների շարքին:

Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն, օրինակ, Քոչարյանի դստեր քավորն է: Կադաստրի նախկին պետ, Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը Ռոբերտ Քոչարյանի օրոք զբաղեցրել է տարբեր նախարարական պորտֆելներ:  Եղել է տրանսպորտի և կապի ինչպես նաեւ՝ Պետական եկամուտների նախարար, 2002-2003 թթ. զբաղեցրել է   ՀՀ կառավարությանն առընթեր պետական հարկային ծառայության պետի, իսկ 2003-2009 թթ.-ին՝  Երևանի քաղաքապետի պաշտոնը:

Իսկ Վրաստանում ՀՀ նախկին արտակարգ եւ լիազոր դեսպանն, ում վստահվեց արդարադատության նախարարի աթոռը, Քոչարյանի կառավարման տարիներին զբաղեցրել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը:

ՊԵԿ նախագահ, ֆինանսների նախարար նշանակված Գագիկ Խաչատրյանը եւս պաշտոնավարել է երկրորդ նախագահի պաշտոնավարման տարիներին: Պետեկամուտների կոմիտեն, ի դեպ,  նրա նախարար նշանակվելուց հետո միացվեց ֆինանսների նախարարությանը: Վերակազմավորման արդյունքում, փաստացի բյուջետային քաղաքականություն մշակողը ՝ ֆինանսների նախարարությունը եւ եկամուտներ հավաքագրողը, որը նախկին պետեկամուտների կոմիտեն էր , կլինի միեւնույն կառույցը, որի ղեկավար է նշանակվել   Հայաստանի ամենախոշոր օլիգարխներից  մեկը:

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը 2002-2007թթ.-ին ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար էր, քաղաաշինության նախարար նշանակված Նարեկ Սարգսյանը, տարածքային կառավարման վերանշանակված նախարար Արմեն Գեւորգյանը եւ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար նշանակված Դավիթ Հարությունյանը եւս համարվում են քոչարյանական կադրեր: 

Ի տարբերություն Ռուբեն Մեհրաբյանի, «Ժառանգության » քարտուղար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համոզված է՝ քոչարյանական կադրերի մուտքը կառավարություն ոչ թե կոմպրոմիս է, այլ Սերժ Սարգսյանի կողմից հատուկ մշակված քայլ:

«Այսուհետ Ռոբերտ Քոչարյանը կամ պետք է քննադատի կառավարությանը՝ ասել է թե իր կադրերին եւ նրանց վերստին հռչակի անհաջող կադրեր, ինչպես անվանեց  Տիգրան Սագսյանին կամ ուղղակի պետք է լռի եւ անցնի ընդհատակ: Երկու տարբերակն էլ Սերժ Սարգսյանին ձեռնտու է»,-«Մեդիալաբին» ասում  Ստյոպա Սաֆարյանը:

Ըստ Սաֆարյանի, այս քայլով գործող նախագահն իրեն նաեւ փորձում է հետագա քննադատությունից ապահովագրել: 

«Քանի որ տարիներ շարունակ Սերժ Սարգսյանը մեղադրվել է օլիգարխիկ կառավարման համակարգ ստեղծելու մեջ,  նա օլիգարխիային բերել է առաջնային պաասխանատվության դաշտ եւ ասում է՝ բավական է դուք թաքնվեք քաղաքական ուժերի ու կառավարության հետեւում եւ վայելեք բոլոր բարիքները, այժմ  դուք ինքներդ ապահովեք երկրի առաջընթացը, ընդ որում, նա դա անում է ոչ թե իր, այլ անմիջապես Քոչարյանի կամ նրա հետ կապ ունեցող օլիգարխների միջոցով»,-վստահ է Ստյոպա Սաֆրյանը:                  

Նորաստեղծ կառավարությունը, Ստյոպա Սաֆարյանի խոսքով,  ունակ չէ երկրում ոչ միայն որեւէ փոփոխություն այլեւ դրա հույսն առաջացնել եւ երկար կյանք չի ունենա:

«Այս կառավարությունից ոչինչ ակնկալել չենք կարող, բոլորին մենք տեսել ենք, ճաշակել ենք, ականատես ենք եղել, թե ինչպես  նրանք տարիների ընթացքում մեր աչքի առջեւ դարձան օլիգարխ, դարձան մեծահարուստ եւ այժմ ուղղակի նրանց նշանակումները բացարձակապես այլ խնդիր են լուծում Քոչարյանի առանցքում»,-նշում  է նա:

Որ նոր կառավարությունը ժամանակավոր է լինելում, կարծում է նեւ Ռոբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով, գործող համակարգը կենսունակ չէ:

«Վստահ եմ, որ այս համակարգին գաղափարապես, քաղաքականապես եւ նյութապես սնուցող պուտինյան ռեժիմը կենսունակ չէ եւ ի վերջո այս ամենին վերջ է լինելու»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:

Էմմա Քալաշյան

© Medialab.am