3+3-ի հարցում Վրաստանի պարագան միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից․ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«3+3-ի հարցում Վրաստանի պարագան միարժեք չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից: Թբիլիսիի հրապարակային դիրքորոշման առումով պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանքի: Այդ դիրքորոշումը զգալիորեն պայմանավորված է երկրի ներքաղաքական կյանքով եւ այդ կյանքում ռուսական գործոնի զգայունությամբ:

Դրանով էլ թերեւս թելադրվում է այն, որ Վրաստանը հրապարակավ հայտարարում է 3+3-ին Ռուսաստանի պատճառով դեմ լինելու մասին: Գործնական առումով Վրաստանը կարծում եմ առնվազն քննարկումների մեջ է: Այդ իմաստով հատկանշական էր մի քանի շաբաթ առաջ արտգործնախարար Զալկալիանիի հայտարարությունը, որ կա Ռուսաստանի խնդիրը, բայց իրենք իրավունք չունեն դուրս մնալ գործընթացներից:

Հետո իհարկե «խմբագրեցին» նախարարի խոսքը, թե՝ սխալ եք հասկացել: Բայց դա հենց վկայում է, որ բուն խնդիրը ներքաղաքական է, որովհետեւ Վրացական երազանքի համար իրավիճակը ներսում բավականին բարդ է, իսկ ռուսական գործոնը ընդդիմության հիմնական խաղաքարտերից մեկը:

Թբիլիսին նաեւ մեզանից շատ ավելի լավ գիտե հնարավոր արեւմտյան աջակցության «ներուժը»: Չկա ոչ մի երաշխիք, որ այսօր 3+3-ին դեմ արտահայտվող ԱՄՆ՝ ընդ որում բավականին պասիվ ռեժւմում դեմ արտահայտվող, գործնականում դա չի անում ընդամենը որեւէ այլ հարցում քաղաքական դիրքորոշման գին բարձրացնելու համար:

Ի վերջո, հստակ է, ԱՄՆ գլխավոր խնդիրը Չինաստանի զսպումն է, մնացյալ գործնականում ամեն ինչ, առավել եւս կովկասյան ուղղությամբ, ենթակա է այդ խնդրի լուծմանը»: