Միլիոնավոր դոլլարների պարտք՝ «Գազպրոմին». «Մենք Հայաստանն ենք ընդհանրապես հանձնել Ռուսաստանին, ինչի՞ մասին է խոսքը»

Միլիոնավոր դոլլարների պարտք՝ «Գազպրոմին». «Մենք Հայաստանն ենք ընդհանրապես հանձնել Ռուսաստանին, ինչի՞ մասին է խոսքը»
Միլիոնավոր դոլլարների պարտք՝ «Գազպրոմին». «Մենք Հայաստանն ենք ընդհանրապես հանձնել Ռուսաստանին, ինչի՞ մասին է խոսքը»

«Մեդիալաբի» զրուցակիցն է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

-Պարոն Եղիազարյան, մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ Երևանի ՋԷԿ-ը «Գազպրոմին» 52 մլն դոլար պարտք ունի: Փաստացի էներգետիկ համակարգում հերթական պարտքի գոյացման մասին է խոսք գնում, որտեղի՞ց կարող էր գոյանալ այդ պարտքը:

-Ես իսկապես չգիտեմ, թե ինչպես է ձևավորվել այդ պարտքը և կարծում եմ, որ համապատասխան մարմինները պետք է ինչ-որ բացատրություն տան դրա վերաբերյալ: Երևանի ՋԷԿ-ն ըստ էության աշխատում է հայ-իրանական էլեկտրաէներգիա՝ գազի դիմաց գործարքի շրջանակներում: Եթե «Գազպրոմին» պարտք են, դա ենթարդրում է, որ այդ պարտքն առաջացել է գազի չվճարման դիմաց: Բայց ՋԷԿ-ի գազը ստացվում է Իրանից և դրա դիմաց Իրան է մատակարարվում էլեկտրաէներգիա, իսկ այդ էլեկտրաէներգիայի մի մասն էլ մեր շուկայում է սպառվում: Թե որտեղից է առաջացել այդ պարտքը, ես չգիտեմ:

-Արդյոք ստեղծված իրավիճակը հետևանք չէ՞ այն ամենի, որ էներգետիկ ոլորտում հանրությունից թաքուն քաղաքականություն է վարվում, մշտապես գաղտնիքներ կան: Փաստացի այսօր պարտք է գոյացել, որի պատճառները հանրությանը դարձյալ հայտնի չէ:

-Միանշանակ պետք է հանրությանը տեղեկություն ու բացատրություն տան, թե որտեղից է գոյացել այդ պարտքը, որովհետև դա շատ լուրջ պրոբլեմ է: Ըստ էության Երևանի ՋԷԿ-ը միակ ջերմային ակտիվն է այսօր, որը պետական է և ընդ որում այն ակտիվն է, որը համեմատաբար կարճ շահագործում է անցել, այսինքն՝ ավելի երկար կյանք ունի, քան մյուս ակտիվները: Համեմատած Ատոմակայանի, որը հայտնի չէ, թե ինչ ճակատագիր ու հեռանկար կունենա, ՋԷԿ-ը, որի վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ, որովհետև վարկերի հաշվին է ստեղծվել, իսկ այդ վարկերն անընդհատ պետությունը մեր բյուջեի հաշվին սպասարակում է, էներգետիկ անվտանգության այն կղզյակն է, որն այս պահին Հայաստանն ունի:

-Այսինքն՝ այն ռազմավարական նշանակության օբյեկտ է Հայաստանի համար, և փաստացի նման անշնորք կառավարո՞ւմ է եղել:

-Միանշանակ ռազմավարական նշանակության օբյեկտ է, որովհետև եթե հաշվի առնենք Ատոմակայանի հետ կապված հիմնախնդիրները, Հայաստանը նման մեծ ՋԷԿ-ի կառուցման խնդիր ունի, որի համար ներդրումներ այդպես էլ չկան, բայց այնուամենայնիվ դա այս պահի դրությամբ էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացման միակ այլընտրանքն է: Այսպիսի պայմաններում մեկ էլ ինչ-որ պարտքեր են գոյանում՝ կապված այս կարևոր ռազմավարական օբյեկտի հետ, դա, իհարկե, պետք է շատ մեծ մտահոգության տեղիք տա:

-Երբ 2013 թվականին հայտարարվեց ՀՀ կառավարության կողմից «Գազպրոմին» ունեցած 300 մլն դոլար պարտքի մասին, պարզվեց, որ ռուսական կողմին պետք է հանձնվեն «ՀայՌուսգազարդի»՝ ՀՀ կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը: Մամուլում արդեն տեղեկություն կա, որ հնարավոր է այս պարտքի դիմաց հիմա էլ Երևանի ՋԷԿ-ը հանձնվի ռուսական կողմին, հնարավոր համարո՞ւմ եք դա:

-Միանշանակ դա չպետք է թույլ տալ: Չնայած, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն Հայաստանը հանձնել են ԵՏՄ-ին, դրանք ավելի փոքր հարցեր են: Այսինքն՝ ամեն ինչ էլ հանձնվում է, այս տրամաբանությունն աշխատում է: Եվ խոսել այսօր ինքնուրույն քաղաքականության ու որոշումների մասին, ռեալ չէ այն պայմաններում, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Ամեն ինչ հնարավոր է, ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք Հայաստանն ենք ընդհանրապես հանձնել Ռուսաստանին, ինչի՞ մասին է խոսքը:

-Հայաստանի էներգետիկ համակարգի  կախվածությունը Ռուսաստանից գնալով ավելի՞ է խորանում:

-Ես չեմ կարող ասել, որ մեր էներգետիկ համակարգի կախվածությունը Ռուսաստանից խորացել է: Հակառակը, մեր էներգետիկ համակարգն այնքան է հնացել ու մաշվել, որ այդ ակտիվներն ըստ էության ոչ ոքի պետք չեն, այդ թվում՝ ռուսական պետությանը: Նույն Ատոմակայանի հավատարմագրային կառավարումից 2012 թվականի «Ռոսատոմ»  ընկերությունը հրաժարվեց: Պարզապես այդ ընկերությունն Ատոմակայանը շահագործեց այնքան ժամանակ, քանի դեռ Ատոմակայանը օգուտով էր աշխատում, շահույթ էր ապահովում: Հրազդանի ՋԷԿ-ը, չհաշված հինգերորդ էներգաբլոկը, նույնպես շատ հին ակտիվ է: Սևան-Հրազդան կասկադը, որը նույնպես ռուսական ընկերությանն է պատկանում, խոշոր ներդրումների կարիք ունի: Այս պայմաններում դժվար է ասել, թե ռուսական ազդեցությունը մեծ է: Այդպիսի ազդեցություն ըստ էության չկա, բայց պարզ է, որ այս էներգետիկ ակտիվներն ինչ-որ ձևով պետք է արդիականացվեն, դրանց փոխարեն պետք է նորերը կառուցվեն: Ահա այստեղ էլ Ռուսաստանը պրոբլեմ ունի, ինքը չի կարող լուրջ ներդրումներ ունենալ ոլորտում: Բայց միաժամանակ փաստորեն ամբողջովին արգելափակված է մեր էներգետիկ համակարգի զարգացումը: Ահա նման աբսուրդ վիճակում ենք մենք հայտնվել: Եվ դա այն պատճառով է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է: Եթե Հայաստանը դուրս չգա ԵՏՄ-ից, ոչ մի խնդիր ոլորտում չի լուծվի:

-Այսինքն՝ եթե դուրս գա ԵՏՄ-ից, միայն այդ ժամանա՞կ կարող ենք այլ երկրներից ներդրումներ ակնկալել Հայաստանի էներգետիկ ոլորտում:

-Եթե դուրս գա այդ միությունից, այո, այն ժամանակ մենք կարող ենք խոսել, թե ինչպիսի քաղաքականություն պետք է իրականացվի ոլորտում, ինչ ներդրումներ պետք է լինեն: Այդ ժամանակ տամաբանություն կաշխատի, իսկ հիմա փորձել տրամաբանորեն բացատրել այս կատարվող գործընթացները, պարզապես անհնար է: Միակ տրամաբանությունն այն է, որ պարզապես երկիրն ամբողջովին հանձնված է:

Էմմա Մանուկյան

MediaLab.am