Միակ բանը, որ Քոչարյանը «կրել ու» է, իր իշխանավարման 10 տարիների ընթացքում կատարած հանցանքների պատասխանատվությունն է. Հովսեփ Խուրշուդյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը

– ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, որով մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանը: Ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցածը, և արդյոք կարո՞ղ ենք «Մարտի 1»-ի գործն արդեն փակված համարել:

– Ո՛չ, չենք կարող իհարկե, որովհետև «Մարտի 1»-ի գործը Սահմանադրական դատարանի դատավորները չէ, որ պետք է բացեն կամ փակեն: Ժողովրդի աչքի առջև է այդ հանցագործությունը տեղի ունեցել, իսկ եթե տեղի են ունեցել հանցագործություններ, սպանություններ, իշխանության բռնազավթում, որը բոլորի համար ակնհայտ է, դա միայն Խունդկարյանը կամ մյուսները չեն կարող որոշել, որ այդպես չի եղել: 

Իհարկե, ՍԴ-ի որոշումը գնահատում եմ խիստ բացասական, մանավանդ եթե ամենասկզբից մտավախություն ունեի, որ գուցե իրավական գիտելիքներս չեն բավարարում հասկանալու, գուցե իրոք հակասահմանադրականության տարր կար 300.1 հոդվածի մեջ, բայց իրավաբանների գնահատականները կարդացի ու լսեցի, հասկանում եմ, որ դա, փաստորեն, քաղաքական որոշում է եղել՝ հագուրդ տալու համար նախկինների պահանջներին:

Հիմա ես չգիտեմ՝ ի՛նչ ստվերային գործարքներ կան դրա հետևում, բայց ակնհայտ է, որ այս որոշման և նման դատավորներ ՍԴ բերելու համար պատասխանատվությունն այս անգամ լիովին ընկնում է գործող իշխանության վրա: 

– Վարչապետն ԱԺ-ում հայտարարում էր, որ ՍԴ-ի խնդիրն ամբողջությամբ լուծված է:

– Ես հենց դա եմ ասում, եթե իրենք համարում են, որ ՍԴ-ի խնդիրը լուծված է, եթե իրենք համարում են, որ նորմալ կադրեր են ընտրել, նրանց առնվազն մեծամասնությունը սահմանադրական իրավունքը պաշտպանող դատավորներ են, ուրեմն իրենք պետք է պատասխանատվություն կրեն այս հակապետական որոշման համար: 

Ես այդ որոշումն այլ կերպ չեմ կարող գնահատել: Այսինքն՝ ՍԴ-ն անվավեր է ճանաչում մի օրենք, որով սահմանադրական կարգի տապալումը ապաքրեականացվում է, այսինքն՝ նա ասում է՝ այսուհետ որևէ մեկը հանգիստ կարող է տապալել սահմանադրական կարգը, և դա հակաօրինական չէ: 

– Հատկանշական է, որ ՍԴ որոշումից մեկ օր առաջ հանդիպել էին Հայաստանի երեք և Արցախի երկու նախկին նախագահները: Իսկ ՍԴ որոշման հրապարակումից հետո էլ տեղի էր ունեցել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Դուք այս իրադարձությունների միջև կապ տեսնո՞ւմ եք:

– Եթե տիրապետեի ամբողջական ինֆորմացիային, կկարողանայի խոսել կապերի մասին: Քանի որ ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում, ո՛չ գիտեմ ինչ են խոսել նախկին նախագահները, ո՛չ գիտեմ ինչ են խոսել Պուտինն ու Փաշինյանը, ես կարող եմ ընդամենը չբացառել նման կապի գոյությունը: Դրա համար ես հատուկ շեշտեցի, որ չգիտեմ, թե ի՛նչ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակում է կայացվել ՍԴ որոշումը: Այնպես որ, չեմ բացառում, բայց նաև չեմ կարող պնդել, որովհետև տեղյակ չեմ:

– Շուրջ 85 օրից Հայաստանում տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ: Ձեր կարծիքով՝ իշխանությունն այս քայլով է՛լ ավելի է պակասեցնում իր վերընտրվելու հնարավորությունը, որովհետև երեկվանից բավականին շատ էին իշխանության հասցեին մեղադրանքները: 

– Միանշանակ, նման որոշումներով, նման անգործությամբ, նման կադրային քաղաքականությամբ իշխանության շանսերը պակասում են: Մասնավորապես, մենք տեսանք, որ ՍԴ-ում, ըստ էության, սկսեցին հակաօրինական, հակապետական որոշումներ կայացնել, ԲԴԽ-ն դարձել է հովանավորը այն դատավորների, որոնք հրաժարվում են կալանք տալ ակնհայտ հանցագործներին, ջարդարարներին: 

Նշանակում են գլխավոր շտաբի պետ, որը հեղաշրջման փորձ է անում: Սա է իրենց կադրային քաղաքականությունը, և դա չի կարող չանդրադառնալ իրենց վարկանիշի վրա: Ըստ էության, իրենք հիմա մսխում են հեղափոխության արժեքները և ժողովրդի այդ հույսերը, որոնք հեղափոխության ժամանակ արտահայտվեցին:

– Շատ է քննարկվում հարցը, թե արդյոք կա՞ այն այլընտրանքը, որի շուրջ այսօր կհամախմբվի հասարակությունը:

– Ես հույս ունեմ, որ նման այլընտրանքներ կձևավորվեն: Համենայնդեպս, նախընտրական շրջանը դեռ չի սկսվել, ոնց որ դրա ժամանակ դեռ կա: Առողջ ուժեր դաշտում, իհարկե, կան: Ես չեմ կարող պնդել, որ այսօր այդ առողջ ուժերից մեկը կարող է հավակնել այլընտրանք լինելու իր կշռով ու հեղինակության ծավալներով, բայց եթե որոշակի գործընթացի արդյունքում, ասենք, նման ուժերի համախմբում տեղի ունենա, կամ դրանցից մեկը կամ մի քանիսը կարողանան այնպիսի քարոզարշավ իրականացնել, որ նման հավակնություններ կարողանան դրսևորել, ապա շատ լավ տարբերակ կլինի Հայաստանի համար ինքնիշխանությունն ապահովող ուժերի խորհրդարան մուտքը, ցանկալի է նաև՝ մեծամասնություն կազմելը:

– Ձեր կարծիքով՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար 3 տարին բավարա՞ր ժամկետ էր, իշխանությունը կարո՞ղ էր արդյոք այնպիսի քայլեր անել, որ երեկվա որոշումը չլիներ, դրանից առաջ էլ այդ «բռնել-բաց թողնելու» գործընթացը չլիներ: Ո՞ր կետից ձախողվեց այս իշխանությունը:


– Ես չեմ ուզում ծայրահեղացնել ու ասել՝ բավարար ժամկետ էր, ինձ համար ակնհայտ է, որ 3 տարին բավարար ժամկետ չէ ապամոնտաժելու համար 20-25 տարի ձևավորված ծովահրեշը, որը մենք դատական համակարգում ունենք, որովհետև դատավորները պաշտպանված են նաև օրենքներով: Ի տարբերություն գործադիրի և օրենսդիրի, որը հեղափոխությունից հետո հեշտությամբ ամբողջ կադրերը փոխվեցին, դատավորներն օրենքով պաշտպանված են: 

Դրա համար ավելի բարդ մեխանիզմներ պետք է ներդրվեն: Այդ մեխանիզմները ամեն դեպքում ներդրվում են, բայց դա արվում է շատ դանդաղ և ոչ արդյունավետ ինստիտուցիոնալ մակարդակում, իսկ կադրերի մակարդակում՝ առավել ևս ոչ արդյունավետ, որովհետև նշանակվում են մարդիկ, որոնք ավելի են վատթարացնում իրավիճակը: Նույն կոռումպացված դատավորներից վերցնում նշանակում են ԲԴԽ նախագահ կամ ՍԴ դատավոր ու հետո ուզում են հույս ունենալ, որ իրենք փոխվելու են: 

Ինչպես վարչապետն էր հայտարարել՝ մենք շանս էինք տալիս և հույս ունեինք, որ նրանք կփոխվեն: Բայց մանկամտություն է կարծել, որ նախկինում կոռումպացված, նախկինների հետ կոռուպցիոն ու հանցակից հազար ու մի կապերի մեջ գտնվող մարդիկ կարող են հանկարծ փոխվել:

Ես իհարկե հավատում եմ, որ նման բացառիկ դեպքեր կարող են լինել, բայց դա դնել որպես օրինաչափություն ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմքում, տեսնում ենք, թե ինչ հետևանքների է բերում: 

– Ինչպե՞ս եք գնահատում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե մասնակցելու է ընտրություններին և «կրելու է»: Որտեղի՞ց նրան այդպիսի վստահություն:

– Ես էլ եմ վստահություն հայտնում, որ անկախ նրանից, թե ինչին է ինքը մասնակցելու, միակ բանը, որ ինքը «կրելու է», այն պատասխանատվությունն է, որ իր իշխանավարման 10 տարիների ընթացքում իր կատարած հանցանքների համար պետք է կրի: Ա՛յ դա հաստատ կրելու է:

Մանե Հարությունյան

MediaLab.am