Կցանկանայի, որպեսզի հասարակությունն այնքան մարդկային լիներ, որ նախկին դատապարտյալ լինելու փաստը շահարկման առիթ չդառնար. Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը իր Ֆեյսբուքի էջում գրել է.

«Հայաստանում կան խտրականության ենթարկվող տարբեր խմբեր, որոնց շարքում են նաև նախկին դատապարտյալները։ Ինչու՞ եմ այսօր ուզում հենց այդ խմբի մասին խոսել, քանի որ այժմ լայնորեն քննարկվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի նախկին դատվածության փաստը։

Հասարակությունը փորձում է մշտապես պիտակավորել, լուսանցքը նետել նախկին դատապարտյալներին, նրանց համար փակելով բոլոր հնարավորությունները՝ լիարժեք մասնակցելու քաղաքացիական ու քաղաքական կյանքին, աշխատանք գտնելու, ինչպես նաև անձնական և ընտանեկան նոր կյանք սկսելու։

Ու թեև օրենսդրությամբ ամրագրված է, որ դատվածությունը հանելը կամ մարելը վերացնում է դատվածության հետ կապված իրավական բոլոր հետևանքները, սակայն հենց խտրական մտածելակերպի պատճառով կարող են մարդիկ վերհանել նախկին դատապարտյալի կենսագրությանը վերաբերող մանրամասներ և փորձել վարկաբեկել նրան։ Այստեղ մենք գործ ունենք խտրական մտածելակերպի հետ, որը կարող է դրսևորվել ցանկացած խմբի նկատմամբ, այդ թվում նաև նախկին դատապարտյալների։

Եվ ես այժմ չեմ ցանկանում քննարկման դնել այն փաստը, որ անհատական տվյալները ևս Հայաստանում պաշտպանված չեն, քանի որ ես ավելի շատ կցանկանայի, որպեսզի հասարակությունն այնքան մարդկային լիներ, որ նախկին դատապարտյալ լինելու փաստը շահարկման առիթ չդառնար, և ոմանք այդքան ջանք չգործադրեին մարդու անհատական տվյալները բացելու ու բացահայտելու համար։ Հասարակությանը պետք է երջանկացնի ցանկացած դատապարտյալի ուղղվելն ու որպես լիարժեք քաղաքացի վերադարձը հասարակություն։

Եվ ամենևին կապ չունի, թե դուք «Այո»-ի, թե «Ոչ»-ի կողմնակից եք։ Ուղղակի դուք պատկերացում էլ չունեք, թե որքան շերտեր ու գույներ կան այդ նույն «Այո»-ի և «Ոչ»-ի արանքում։ Դա մարդկայնության գույներն են, որոնք մենք, ցավալիորեն, կորցնում ենք այս կամ այն ճամբարում հայտնվելիս»։

Հայաստանում կան խտրականության ենթարկվող տարբեր խմբեր, որոնց շարքում են նաև նախկին դատապարտյալները։ Ինչու՞ եմ այսօր…

Gepostet von Zara Hovhannisyan am Freitag, 14. Februar 2020