«Մինսկի խումբը շատ լուրջ որոշումներ պետք է կայացնի պատերազմը կանգնեցնելու և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար». Ստյոպա Սաֆարյան

Ժնևում հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման ժամանակ առաջին հերթին պետք է քննարկվի Արցախի շփման գծում երեք հրադադարների հարցը, թե ինչո՞ւ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը։ «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ժնևում նախատեսված է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։

Հոկտեմբերի 24-ին համանախագահները Վաշինգտոնում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, ինչպես նաև մասնակցել արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ համատեղ հանդիպմանը:

Համանախագահները կողմերին կոչ էին արել անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան համատեղ հայտարարության բոլոր ասպեկտների իրականացման ուղղությամբ՝ իրենց պարտավորություններին համապատասխան, որոնք վերահաստատել են հոկտեմբերի 18-ին Փարիզում:

Հրադադարի շուրջ երրորդ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 25-ին, որը պետք է գործեր հոկտեմբերի 26-ից, սակայն դարձյալ խախտվեց Ադրբեջանի կողմից։ 

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ժնևում հոկտեմբերի 29-ին կայանալիք հանդիպմանը նախատեսվում է քննարկել, ձեռք բերել պայմանավորվածություն և սկսել համաձայնեցված ժամկետներում իրականացնել բոլոր այն քայլերը, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու համար՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքներին համապատասխան։

«Պետք է քննարկվի հարցը, թե ինչո՞ւ Ադրբեջանը խախտեց հրադադարի ռեժիմը։ Եվ ընդհանրապես, ի՞նչ է անելու միջազգային հանրությունը, և ինչպե՞ս են պատրաստվում այդ արարքներին արձագանքել։ ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությունը երկու կետ ունի։

Առաջինը՝ հրադադարի պահպանում։ Այդ համաձայնագրի պաշտոնական հրապարակումից հետո, մինչ այն ուժի մեջ կմտներ, Ադրբեջանն ըստ էության գրոհ ձեռնարկեց Կուբաթլուի ուղղությամբ, հայտարարություններ արեց, որ մինչև վերջ է գնալու և հետ չի կանգնելու ճանապարհից»,- «Մեդիալաբին» ասում է Ստյոպա Սաֆարյանը։

Նա հավելում է. «Եվ երկրորդ կետը՝ եթե համաձայնություն են հայտնել Մինսկի խմբում երեք սկզբունքների հիման վրա քննարկել փոխզիջումային լուծում, դա արտացոլված է ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի հրապարակման մեջ, ապա այդ դեպքում ի՞նչ է նշանակում Ադրբեջանի հայտարարությունը, թե՝ գնալու ենք մինչև վերջ, մինչև մեր ամբողջ տարածքի ազատագրումը։ Դա ըստ էության կապիտուլյացիան է, ինչին դեմ է արտահայտվել Հայաստանի վարչապետը»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կարո՞ղ է առաջընթաց գրանցվել ժնևյան հանդիպման ժամանակ, Ստյոպա Սաֆարյանն ասում է, որ այս իրավիճակը պետք է քաղաքական հանգուցալուծում ստանա։

«Ցավոք սրտի, ռազմական գործողությունները շարունակվելու դեպքում լավ բան չի սպասվում։ Քաղաքական պրոցեսը պետք է ամրապնդվի։ Իսկ քաղաքական պրոցեսն ամրապնդելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջ պետք է խնդիրը հստակ դրվի՝ ի վերջո այս պահանջներին չենթարկվելու դեպքում, սեփական ստորագրությունը չհարգելու դեպքում նրանք ի՞նչ պատժամիջոցներ են ձեռնարկելու Ադրբեջանի նկատմամբ»,- հավելում է Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ խնդիր է դրվել ահաբեկիչներին հանել տարածաշրջանից, բայց չի արվել, խնդիր է դրվել պատերազմից հանել թուրքական գործոնը, չի արվել, խնդիր է դրվել կանգնեցնել պատերազմը, բայց Ադրբեջանի կողմից չի արվել ու չի արվում։ Շարունակվում է գրոհը Արցախի ողջ սահմանագծով, հարավում նույնիսկ արդեն հարվածում են Հայաստանին։ Սրանք արդեն լուրջ խնդիրներ են։

«Սա նշանակում է, որ հոկտտեմբերի 29-ի հանդիպման ժամանակ պետք է այս խնդիրները դրվեն։ Անդառնալիության կետի է արդեն հասել խնդիրը։ Եվ Մինսկի խումբը շատ լուրջ որոշումներ կայացնելու հարց ունի՝ և՛ պատերազմը կանգնեցնելու, և՛ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցում»,- նշում է քաղաքագետը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am