Հայաստանում տղա են ուզում. ՄԱԿ-ի հետազոտությունը `սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին

Հայաստանում տղա են ուզում. ՄԱԿ-ի հետազոտությունը `սեռով պայմանավորված հղիության ընդհատումների մասին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ի վերջո փաստացի պարզել է, որ Հայաստանն ամեն տարի պոտենցիալ ապագա մայրեր է կորցնում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հետևանքով:

Այսօր ներկայացված «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույցով հիմնադրամը հիմնավորել է այն կասկածները, որ Հայաստանում արհեստականորեն տղաները ավելի շատ են ծնվում, քան` աղջիկները:

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը ներակայացնելով զեկույցը` նշել են, որ զեկույցը պարունակում է ինչպես դրական, այնպես էլ մտահոգիչ եզրակացություններ:

Եւ փաստորեն, ամենաբացասական եզրակացությունն այն էր, որ «ապագա երեխայի սեռի հարցում, հասարակությունը մեծապես նախապատվություն է տալիս տղա երեխաներին՝ վեց անգամ ավելի, քան աղջիկներին»:

Ըստ այդմ, այս հետազոտությունը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայաստանի մոտ 900.000 վերարտադրողական տարիքի կանանց  0.8%-ը վերջին 5 տարիների ընթացքում կատարել է սեռով պայմանավորված հղիության արհեստական  ընդհատում:

Իսկ դա նշանակում է, որ երկիրը յուրաքանչյուր տարի պոտենցիալ կերպով կորցնում է մոտ 1400 ապագա մայր: Բանախոսների ներկայացմամբ, զեկույցը հիմնված է 2830 տնային տնտեսություններում 2011 թվականի հուլիսի 15-ից  օգոստոսի 15-ն անցկացված քանակական հետազոտության, ինչպես նաև` երևույթի որակական ուսումնասիրության արդյունքների վրա:

Ըստ ներկայացված զեկույցի, պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն, 1993 թվականից սկսած, Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմել է 110-120 տղա` 100 աղջկա դիմաց:

Մինչդեռ կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը:

«Համապատասխանաբար, միջինացված տվյալներով, Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր»,- նշված է հետազոտության մեջ:

Ըստ այդմ, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներն ամենավառն են արտահայտվում 3-րդ և 4-րդ երեխայի դեպքում, քաղաքաբնակ կանանց շրջանում, բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում, և բարձր եկամուտներ ունեցող (100,000 դրամ և ավելի) կանանց շրջանում:

«Տղա երեխաներին նախապատվություն տվող ընտանիքները մոտ 6 անգամ ավելի են, քան աղջիկներին նախապատվություն տվողները (գյուղական բնակավայրերում՝ 10 անգամ ավելի, իսկ քաղաքային բնակավայրերում՝ 4 անգամ ավելի): Քանակական հարցմանը մասնակից յուրաքանչյուր 5 կնոջից 2-ը նշել են, որ առաջին հղիության ժամանակ ցանկանում էին տղա ունենալ: Մինչդեռ աղջիկ երեխա ցանկանում էր ունենալ միայն ամեն յոթ կնոջից մեկը»,- գրում են հետազոտության հեղինակները:

Ըստ եզրակացության, տղաների նկատմամբ նախընտրությունը հիմնականում պայմանավորված է մի շարք գործոններով` տոհմը շարունակելու անհրաժեշտությամբ, ունեցվածքի ժառանգորդ լինելու հանգամանքով, ինչպես նաև ընտանիքում տղամարդու ազդեցիկ դիրքով, հասարակության մեջ տղաների շատ ավելի ակտիվ դերակատարությամբ և սոցիալական մոբիլությամբ:

Հիշեցնենք, որ դեռեւս այս տարվա օգոստոսին` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշել էր, թե խնդիրը կարող է իր ազդեցությունն ունենալ թե ժողովրդագրական իրավիճակի, (որ արդեն մտահոգիչ է Հայաստանում) և թե հասարակության զարգացման վրա:

«Ունենալով ծնելիության լուրջ անկում 80-ականների համեմատությամբ, մոտ երկու անգամ աղջիկ երեխաների թվաքանակը պակասեցնելով` մենք կարող ենք մտնել մի կախարդական շրջան, երբ այդ անկումը յուրաքանչյուր նոր սերնդի հետ ավելի կխորանա, քանզի չեն ծնվի այն մայրերը, որոնք պետք է ծնունդ տան հետագայում: Երբ մենք ասում ենք, որ Հայաստանի անվտանգության համար մեզ պետք են զինվորներ, ապա չպետք է մոռանանք, որ բավարար թվով զինվորներ ծնվելու համար մեզ պետք են այդ զինվորների մայրեր»,- ասել էր Հայրապետյանը:

Նրա տվյալներով` Հայաստանում տարեկան մոտ 3000-4000 տղա ավելի է ծնվում, քան աղջիկները, ինչը նշանակում է, որ մոտ 20 տարի հետո մենք կունենանք կանանց և տղամարդկանց թվի բավական մեծ անհամապատասխանություն, և մոտ 40.000-50.000 տղամարդ դժվարության առաջ կկանգնի իրենց համար զույգ գտնելու հարցում:

Հիշեցնենք նաեւ, որ բարձրացված խնդրի առնչությամբ իր մտահոգությունն էր  արտահայտել նաև ԵԽԽՎ մինչծննդյան սեռի ընտրության հարցերով զեկուցող Դորիս Ստամպը, որն իրավիճակի գնահատման նպատակով հունիսին այցելել էր Հայաստան` հանդիպումներ ունենալով ԱԺ նախագահի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ:

Ստամպը մտահոգություն է հայտնել, որ տղաների թվի աճը կարող է պայմանավորված լինել մինչծննդյան տեխնոլոգիաների արագ զարգացմամբ, երբ ծնողները, նախապես իմանալով երեխայի սեռը, որոշում են ընդհատել հղիությունն այն դեպքում, երբ ապագա երեխան իգական սեռի է:

Այս աշնանը ԵԽԽՎ պատգամավորները նաեւ քննարկել են խնդրի առնչությամբ զեկույցը, որտեղ խոսվում է ԵԽԽՎ անդամ երկրների` ընտանիքի պլանավորման ժամանակ այս միտումը հաղթահարելուն ուղղված ջանքերի անհրաժեշտության մասին:

 

Քրիստինե Խանումյան

© Medialab.am