Հայաստանը՝ Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոն.Շախմատի ֆեդերացիայի նախագահ

Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի վերջին տուրում առաջատարները՝ Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները, հաղթեցին իրենց մրցակիցներին։

Խաղի արդյունքների մասին ֆեյսբուքյան էջում կիսվել է Շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը:

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:5-1:5 հաշվով հաղթեց Իսպանիայի հավաքականին: Հաղթական միավորը թիմին բերեց մեր առաջատարը՝ Գաբրիել Սարգսյանը։ Ուզբեկստանի շախմատիստներն էլ նույն հաշվով հաղթեցին Նիդերլանդների թիմին։

Այսպիսով, Ուզբեկստանի և Հայաստանի հավաքականները հավաքեցին 19-ական միավոր, սակայն, ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով օլիմպիական ոսկին բաժին հասավ Ուզբեկստանի հավաքականին, իսկ մեր շախմատիստները նվաճեցին օլիմպիական արծաթը։

«Ուզում եմ ընդգծել, որ մեր հավաքականը փայլուն ելույթ ունեցավ Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայում: Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է նա: