«17+» ձևաչափը, որն այդքան սրտամոտ է Ռոբերտ Քոչարյանին, հենց նրան պետության ղեկը վերադարձնելու համար է. Աշոտ Մելիքյան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Վերջին օրերին ՖԲ ընկերներիցս մի քանիսն այնպիսի համոզվածությամբ պնդեցին, որ Ռոբերտ Քոչարյանը շանս չունի իշխանության գալու, որ մոտս հորդորի ցանկություն առաջացավ. մի՛ թերագնահատեք քաղաքական հակառակորդին (կամ առհասարակ՝ հակառակորդին) և միշտ զգոն եղեք։

Իրավիճակին շատ թե քիչ ծանոթ մարդկանց համար ակնհայտ է, որ “17+” ձևաչափը, որն այդքան սրտամոտ է երկրորդ նախագահին, հենց նրան պետության ղեկը վերադարձնելու համար է, իսկ Վազգեն Մանուկյանին որպես «չեզոքի» ներկայացնելն ու «ժամանակավորապես» առաջ մղելն ուղղակի քաղաքական բլեֆ է։

Այդ մարդուն ոչ թե մեկ տարով, այլ նույնիսկ մեկ օրով չի կարելի իշխանության մոտ թողնել, քանի որ նրա գլխավոր առաքելությունը, ինչպես շատերն արդարացիորեն կարծում են, լինելու է իր թիկունքին կանգնած նույն Քոչարյանի, ՀՀԿ-ԲՀԿ-մյուսների համար պարարտ հող նախապատրաստելը` հին ու բոլորիս լավ ծանոթ մեթոդներով (նախևառաջ՝ ընտրակաշառքներով) իշխանությունը կրկին յուրացնելու համար։ Դա կարող է հանգեցնել ոչ թե Հայրենիքի փրկությանը, այլ կործանմանը, իսկ հասարակության համախմբման մասին խոսելն իսկ ավելորդ է։

Ի դեպ, տարօրինակ է, որ այսօր ոչ ոք Վազգեն Մանուկյանին չի հարցնում՝ պարո՛ն, դուք ձեր շուրջը չկարողացաք նույնիսկ մի կուսակցություն համախմբել, ժամանակին այն փշրվեց 4 մանր կտորի, ինչպե՞ս եք հասարակություն ու պետություն համախմբելու, կամ ինչո՞ւ եք ճգնաժամային կառավարման սխրագործություններ ձեզ վերագրում, եթե վարչապետ եք եղել ընդամենը 6, իսկ պաշտպանության նախարար՝ 10 ամիս, և ամենևին էլ փառահեղ աշխատանքի համար չէ, որ հեռացել եք պաշտոններից։Այսպիսի խոցելի ընդդիմությունը կարող էր նվեր համարվել ցանկացած իշխանության, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի թիմի համար։ Վերջինիս մոտ ոչ «թավիշն» է գործում, ոչ էլ «մտրակը»։

Երբ իշխողներն օժտված չեն պետական կառավարման, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և այլ անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով, երբ իսպառ բացակայում է զուտ պրագմատիկ, անհրաժեշտության դեպքում՝ շատ կոշտ քաղաքականություն իրականացնելու կամքը (այս ամենն առավել ցայտուն երևաց 44-օրյա ողբերգական պատերազմի ընթացքում), երբ ապիկարության ծավալները սպառնում են երկրի գոյությանը, այդպիսի կառավարության հեռանալը դառնում է օրվա հրամայական։

Այս պայմաններում, ինչպես ցույց տվեցին անցած շաբաթվա զարգացումները, արտահերթ ընտրությունների մասին տարատեսակ հայտարարությունները ոչ այլ ինչ էին, քան քաղաքական խաղեր։ Ո՛չ իշխանությունը, ո՛չ էլ ընդդիմությունը, չնչին բացառությամբ, այդպիսի անկեղծ ցանկություն չունեն։

Առայժմ բավականաչափ վստահություն չեն ներշնչում նաև իրենց «երրորդ» ուժ հռչակող միավորումները։Կարծում եմ՝ հենց այս քաղաքական փակուղով է պայմանավորված այն «առեղծվածը», որ այսօր հավանական ընտրողների 42 տոկոսը, ըստ IRI-ի վերջերս անցկացրած սոցհարցման, հակված չեն որևէ մեկի օգտին քվեարկելուն։ Այս քաղաքացիները, ի հեճուկս թե՛ իշխանության, թե՛ «17+»-ի ակնկալիքների, գիտեն իրենց ձայնի գինը (և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստով), նրանք էլեկտորատի առավել ծանրութեթև անող մասն են և կուրորեն չեն գնա ոչ մեկի հետևից։

Հենց այս 42 տոկոսի բաշխումից էլ կախված է լինելու ընտրությունների ելքը, եթե, իհարկե, դրանք կայանան։ Ամենայն հավանականությամբ, այդ բաշխումը պայմանավորված կլինի նրանով, թե որ ուժը կկազմակերպի ընտրությունները։ Սա է, ցավոք, գլխավոր խնդիրը, որի համար կենաց-մահու կռիվ է գնում։ Ամեն մեկն իրեն է փրկում, իսկ պետության ապագան մշուշի մեջ է…»: