Արցախում վիրավորում ստացած զինծառայողներից մեկն Ազատան համայնքից է․ նրան տեղափոխում են Երևան. Factor.am

Երեկ Արցախում Ադրբեջանի զինված ուժերի հարձակումից վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ Լեռնիկ Չալֆալակյանը, Շիրակի մարզի Ազատան համայնքից է։ Ազատանի համայնքապետ Վարդան Իկիլիկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը միջին ծանրության է, բեկորային վնասվածք է ստացել կրծքավանդակի և որովայնի հատվածում, վիրահատել են։

Համայնքապետի տեղեկացմամբ` ինքն անընդհատ կապի մեջ է ծնողների հետ։ Նրան տեղափոխում են Երևան։ Ծնողները իրեն փոխանցել են, որ երկու բեկոր հանել են, սակայն հորն ասել են, որ էլի բեկորներ կան, այս պահին վտանգավորր չեն, վիճակը կայունացնելուց հետո նոր կհեռացնեն։

«Ես ծնողների հետ կապի մեջ եմ, առավոտյան ինձ զանգեցին, ծնողներին պատրաստվում էինք ուղարկել Ստեփանակերտ, հետո խաբար եկավ, որ կտեղափոխեն Երևան՝ հետագա բուժումներն այստեղ ստանալու։ Լեռնիկը 20 տարեկան է, ժամկետային զինծառայող է, հունվարին պիտի զորացրվեր, հայրն էլ 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի մշակույթի տան ռմբակոծումից վիրավորվեց ու թոշակի գնաց։ Հիշո՞ւմ եք Շուշիում քանի ոստիկան զոհվեց։ Լեռնիկն էլ է մասնակցել 44 օրյա պատերազմին, ասում էինք՝ փառք Աստծո, երեխային փրկվեց, բան չեղավ, էն էլ վրանի մեջ խփեցին։ Օրինակելի ընտանիք են, աշխատասեր, երեխաները շատ դաստիարակված են՝ երկու տղա ու մեկ աղջիկ ունեն։ Լեռնիկն էլ բարձրագույն կրթություն է ստանում, ինչքան գիտեմ Երևանի պետական համալսարանում է սովորում»,- ասաց համայնքապետը։