Հաջիևը պնդել է՝ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը բխում է Ադրբեջանի օրենսդրությունից

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Ղարաբաղում հայկական եկեղեցիների քանդումը, ըստ նրա, բխում է Ադրբեջանի օրենսդրությունից և միջազգային նորմերից՝ փաստացի չբացառելով, որ նման դեպքերը կարող են կրկնվել նաև ապագայում։

«Ադրբեջանը այդ տարածքներում իրականացնում է լայնածավալ վերականգնողական և շինարարական աշխատանքներ, և այդ շրջանակում քայլեր են ձեռնարկվում օկուպացիայի ընթացքում անօրինական կերպով կառուցված որոշ կառույցների վերաբերյալ»,- նշել է Հաջիևը։

Նա հավելել է, որ «քաղաքաշինության սկզբունքների և Ժնևի կոնվենցիաների համաձայն՝ օկուպացիայի ընթացքում օկուպացիոն ուժի կողմից իրականացված շինարարական նախագծերը, որոնք խախտում են երկրի սեփականության իրավունքը և ինքնիշխանությունը, համարվում են անօրինական»։

Հաջիևի խոսքով՝ նման նախագծերի ապամոնտաժումը և դրանք քաղաքաշինական ընդհանուր պլաններին համապատասխանեցնելը համարվում են օրինաչափ քայլեր։