Ինչպես փրկել ներքին տուրիզմը. սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների մեծ հոսք առայժմ չի արձանագրվել

Արմենպրես – Զբոսաշրջությունը կորոնավիրուսի պատճառով ամենամեծ վնասները կրած ոլորտներից է։ Արտակարգ դրության ռեժիմը, տնտեսական գործունեության սահմանափակումները, երկրների միջեւ թռիչքների դադարեցումն ու փակ սահմաններն ուղղակիորեն հարվածեցին երկրի զբոսաշրջային ոլորտի զարգացմանը։ Այնինչ նախորդ տարվա ձեռքբերումներն ու զբոսաշրջիկների մեծ հոսքը հաշվի առնելով, այս տարին ավելի խոստումնալից էր թվում։

Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 2019—ի հունվար—դեկտեմբեր ամիսներին դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը կազմել է շուրջ 1.9 մլն, որը մոտ 15 տոկոսով բարձր էր 2018—ի նույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ այս տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զբոսաշրջիկների թիվը նվազել է 15 տոկոսով։

Այս պայմաններում Հայաստանը, ինչպես եւ աշխարհի գրեթե բոլոր երկրները, քայլեր են ձեռնարկում ներքին տուրիզմը զարգացնելու ուղղությամբ։ Արտակարգ դրության ժամանակ փակ սահմանների պայմաններում որքանո՞վ է ակտիվացել ներքին տուրիզմը, արդյոք նկատվո՞ւմ է սոցփաթեթի շրջանակներում հանգստացողների շարժ։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում տուրիստական կազմակերպությունների, հյուրանոցների եւ հանգստյան տների ներկայացուցիչները հիմնականում փաստում էին, որ չնայած ակնկալվում էր դրական դինամիկա ներքին տուրիզմի մասով, սակայն նման միտումներ դեռեւս չկան։ Արտերկիր մեկնողներն այս տարի կարծես թե զրկված են լինելու իրենց հանգիստը հանրապետության սահմաններից դուրս անցկացնելու հնարավորությունից։

«Անռիվա տուր» ընկերության ներգնա եւ ներքին տուրիզմի տուրմենեջեր Ժաննա Հարությունյանը նշեց, որ վարակվելու վախը մարդկանց ստիպում է ձեռնպահ մնալ հանգստի մեկնելուց, եւ էական նվազում է նկատվում նախկինի համեմատ։ «Մարդիկ այլընտրանք չունեն։ Նրանք, ովքեր միշտ գնում էին դրսում հանգստանալու, ճանապարհորդում են Հայաստանում։ Իսկ այստեղ երկու—երեք օրը բավական է»,– ասաց նա՝ հավելելով, որ վարակվածության թվերը մեծ են, եւ մարդիկ խուսափում են անգամ Հայաստանում շրջագայել։ Նույն պատկերն է նաեւ սոցփաթեթի շահառուների դեպքում։ Ուղղությունները տարբեր են, օրինակ՝ փոշոտման սեզոնին, որն արդեն վերջացել է, մարդիկ նախընտրել են Սոճուտը, Դենդրոպարկը։ «Մնացած դեպքերում նախընտրությունն անհատական է՝ սկսած բաց լողավազանով հանգստյան տներից մինչեւ անտառի մեջ հանգստի կազմակերպումը»,– նշեց Ժ. Հարությունյանը։

«Անի տուր» զբոսաշրջային ընկերության ներքին տուրիզմի սոցփաթեթների գծով պատասխանատու Արփինե Սարգսյանը նույնպես նշեց, որ սպասումներն ավելի մեծ էին ներքին տուրիզմի մասով, սակայն, ցավոք, այս պահին դեռեւս շարժ չկա։ Հիմնականում օգտվում են սոցփաթեթի շահառուները, այն էլ՝ շատ քիչ օրեր են վերցնում, որովհետեւ տարբեր մտավախություններ ունեն։ «Հիվանդության պատճառով շարժը շատ չէ, բավականին քչացել է, նույնիսկ սոցփաթեթի շրջանակներում»,– ասաց զրուցակիցս։ Նախորդ տարիների համեմատ ավելի քան 70 տոկոսով կրճատվել է։ Սոցփաթեթի շահառուների նախընտրած հիմնական ուղղությունները Ջերմուկն են, Աղվերանը, Սեւանը։

«Կրիստալ ռեզորթ» հանգստի տան ադմինիստրատոր Լիլիթ Նիկողոսյանի խոսքով, սոցփաթեթի շրջանակներում նախորդ տարիների համեմատ մարդկանց հոսքն ավելի քիչ է։ «Ունենք հանգստացողներ, բայց նրանք շատ քիչ են մյուս տարիների համեմատ»,–շեշտեց նա։

Մանրամասները՝ այստեղ