Ինչու Հայաստանը ընտրեց ոչ թե ՀԱՊԿ, այլ ԵՄ առաքելության տեղակայումը. Փաշինյանի պատասխանը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից խնդրել է ճշգրտել իր պատասխանատվության գոտին ՀՀ-ում:

«ՀԱՊԿ-ի պարագայում շատ հստակ ձևակերպել ենք խնդիր՝ քանի որ ՀԱՊԿ-ն ունի շատ մանրամասն նկարագրություններով փաստաթղթեր, այդ թվում՝ ճգնաժամային իրավիճակների արձագանքման կանոնակարգը, որն ընդունվել է դեռևս 2010 թվականին, որտեղ հստակ գրված են գործողություններ, բայց միևնույն ժամանակ կա հստակ ըմբռնում և հասկացություն ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտու մասին:

Մենք ՀԱՊԿ-ից խնդրել ենք ամենակարևոր սկզբունքային մի բան՝ ճշգրտել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ՀՀ-ում, այսինքն՝ մեզ ասել իրենց պատկերացումը, թե որն է ՀՀ-ն: Մենք այս հարցի հստակ պատասխանը չենք ստացել:

Մյուս կողմից՝ ԵՄ քաղաքացիական առաքելության գործուղումն ինչո՞ւ է հնարավոր դարձել, որովհետև Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման արդյունքում ԵՄ-ն՝ ՀՀ-ի և Ադրբեջանի մասնակցությամբ և համաձայնությամբ, հստակ գծագրել է, թե որն է ՀՀ-ն: Նրանք գալիս են այդ տարածքը մոնիթորինգ անելու:

Առանց տարածքի մասին պատկերացման դիտորդական առաքելությունը կլինի առնվազն տարօրինակ, որովհետև իրենց համար պարզ չէ, թե ինչ են դիտում: Հարցն առաջացել է այն իրավիճակից, երբ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ տարածքներ: Եթե որևէ առաքելություն չգիտի, թե որն է ՀՀ տարածքը, ինչպե՞ս է դիտարկելու՝ օկուպացվա՞ծ է ՀՀ տարածքը, թե՞ օկուպացված չէ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ավելացրեց, որ մինչև ԵՄ առաքելության գործուղումը Ադրբեջանն արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի բացատրում էր նրանով, թե իբր Հայաստանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին և պատրաստում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, իսկ Ադրբեջանը փորձում է հավասարակշռել իրավիճակը ու կառավարել իր խոցելիությունը:

«Արևմուտքում Հայաստանը փորձ էր արվում ներկայացնել որպես ՌԴ ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ ՌԴ-ում փորձ էր արվում ներկայացնել Հայաստանը որպես արևմտյան դավադրության մասնակից»,- ասաց Փաշինյանը: