Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին

Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին
Քաղաքացի դիտորդ նախաձեռնությունը դիմել է կուսակցություններին

2013թ. մայիսի 5-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտարկել է Երևանի ավագանու ընտրությունները 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքների թվով 113 ընտրատեղամասերում` Երևանի Մալաթիա-Սեբաստիա, Էրեբունի, Շենգավիթ, Նուբարաշեն և Աջափնյակ համայնքների տարածքում:

Նախաձեռնության դիտարկած ընտրատեղամասերում ընտրություններն անցել են խիստ լարված մթնոլորտում, ինչի ապացույցն են տարբեր բնույթի իրավախախտումների վերաբերյալ ստացված շուրջ 570 ահազանգերը: Վերջիններիս առավել մեծ մասը վերաբերել է կողմնակի անձանց ներկայությանը և կուտակումներին ընտրատեղամասերի ներսում, ընտրողների փոխադրմանը հանրային ու մասնավոր տրանսպորտով և կուտակումներին ընտրատեղամասից դուրս և տեղամասային ընտրական հանձնաժողովների սխալ աշխատանքին, ինչպես նաեւ կողմնակի անձանց կողմից իրականացված անօրինական քարոզարշավին ու ընտրողների ուղղորդումներին ինչպես տեղամասերում, այնպես էլ դրանց անմիջապես հարող տարածքներում:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ հասարակական կազմակերպությունների անունից օրենքով սահմանված ժամկետներում (քվեարկությանը հաջորդող օրվա ժամը 18:00), 7-րդ, 8-րդ, 12-րդ և 13-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել մոտ 80 դիմում: Տեղ գտած մեծաքանակ և բազմազան ընտրախախտումները սահմանված ժամկետում ամփոփելու անհնարինության պատճառով դիմումների ներկայացումը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ շարունակվել է նաև սահմանված ժամկետից հետո և դրանց թիվը ներկայումս հասնում է 160-ի:

Սույն հաղորդագրությամբ հայտնում ենք, որ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը պատրաստ է իր դիմումները տրամադրել բոլոր կուսակցություններին նրանց կողմից ընտրական գործընթացները բողոքարկելու համար:

Դիմումների փաթեթը ստանալու համար խնդրում ենք դիմել Սոնա Այվազյանին, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ գրասենյակ, հասցե՝ Այգեստան, 9-րդ փողոց, տուն 6, հեռ. 569910:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ստեղծվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունների կողմից, որին միացել են մի քանի տասնյակ սփյուռքահայեր և քաղաքացիական ակտիվիստներ: