Արտերկրում ապրող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և վերջնականապես ընդունեց օրենքի նախագիծը, որով սահմանափակվում է արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը։ Նոր կարգավորմամբ՝ քվեարկելու իրավունքից կզրկվեն այն քաղաքացիները, որոնք ընտրացուցակների հրապարակմանը նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի չեն գտնվել Հայաստանում։ Բացառություններ նախատեսվում են միայն ուսման նպատակով արտերկրում գտնվողների և պետական գործուղման մեկնածների համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, որ պատրաստվում է օրենքի սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում։

Օրենքին կողմ են քվեարկել ՔՊ խմբակցության պատգամավորները և «Հայաստան» դաշինքից դուրս եկած Գեղամ Նազարյանը։

Հիշեցնենք, որ նախօրեին նախագիծը խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից։

«Մենք՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս և փորձագետներս, խստորեն դատապարտում ենք ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին առաջարկվող նախագիծը՝ որպես հակասահմանադրական և ընդհանուր և հավասար ընտրական իրավունքի անօրինական ու անհամաչափ սահմանափակում, ինչը վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և խախտում ՀՀ քաղաքացիների քաղաքական իրավունքները»,-հայտարարության մեջ նշել էին մեկ տասնյակից ավելի կազմակերպությունները: