Ճարահատյալ նվիրաբերողները

Ճարահատյալ նվիրաբերողները
Ճարահատյալ նվիրաբերողները

Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը խոստացել է հայկական բանկերից մեկում արգելափակված իր 30 միլիոն դոլարը նվիրաբերել պետությանը:

Վարչապետի պաշտոնակատարի համար սա նվաճում է, ինչպես, ասենք, Ալեքսանդր Մակեդոնացուց հետ խլված Հնդկաստանը հնդիկի համար: Մաքսային ծառայության նախկին պետն էլ Ծաղկաձորի իր 20 միլիոնանոց հյուրանոցն է նվիրաբերում:

Նվիրաբերում է, Կառլ:

Հասկացա՞ք:

«Հայաստան» համահայկական հիմնադրամն ամեն տարի մի կերպ է ալամ աշխարհի հայերից հավաքում 11-12 միլիոն դոլար, իսկ այստեղ՝ միանգամից 50 միլիոն: Մեծ հաշվով՝ մեզ ի՞նչ: Ինչքա՞ն են պետությունից տարել էս մարդիկ, որ պատրաստ են այսքանը վերադարձնելու:

Եվ, ուշադրություն, վերադարձնում են ոչ թե կամավոր, այլ որովհետև այդ հյուրանոցը մաքսայինի նախկին պետը չէր կարող իր հետ տանել Իսպանիա: Վաճառել էլ չի կարողացել: Ուստի ձեռք է քաշել:

Ալեքսանդր Սարգսյանը վերադարձրել է այստեղի բանկերում լռված փողը: Ինքը չի վերադարձրել, ինքը հաշտվել է, որ այդ փողի վրա այլևս իշխանություն չունի: Դա պետության և իր արանքում խցանված փող էր, որն իր ուժերով չէր կարող հանել, թողեց պետությանը: Երբ իշխանությունն ասում է՝ նվիրաբերել է, նրանց դարձնում է բարեգործ: Այսինքն՝ կարող էին և չտալ, խլող չկար:

Փաշինյանը «նվիրաբերել» բառի մեջ դնում է իր ինդուլգենցիան: Այսինքն՝ դուք ձեր ներողամտությունը վաստակեցիք: Բեմը մյուս թալանչիներինն է: Իսկ ՊԵԿ նախկին պետ Գագիկ Խաչատրյանից «նվիրաբերման» ինչ-որ ծպտուն լսվելո՞ւ է: Իհարկե ո՛չ: Այդ մարդը ամեն ինչ հասցրել է տանել դեռ հեղափոխությունից առաջ: Իսկ այն, ինչ մնացել է, արդեն իրենը չէ:

Լավ է, երբ պետությունն օժտված է ներողամտության ինստիտուտով. եթե վերցնելու 30 միլիոն դոլար կա, պետք է այն վերցնել: Բայց փորձեք վերադառնալ այն ժամանակները, երբ այս մարդիկ միայն խլում էին: Այդ հիմա է, որ մենք աշխատացնում ենք մեծահոգությունը և լավ ենք անում: Բայց դժվար է ներողամիտ լինել նրանց հաշվին, որոնք այս մարդկանց գործունեության պատճառով այլևս ոչինչ հետ բերել չեն կարող: Այդ մարդկանց մի մասը երկրից խուճապահար է փախել, մի մասը պարզապես հրաժարվել է բիզնեսը շարունակել, մյուս մասն էլ «օրթախ» է մտել:

Ես կմիանայի պետության ներողամտությանը, բայց նրանք, որոնք կորցրել են այս մարդկանց գործունեության արդյունքում, գուցե պետությունն էլ են կորցրել: Կորցրել են թոշակառուները, որոնք 50 միլիոն դոլար պակաս են ստացել, կորցրել է բանակը, որն ապրիլյան պատերազմի օրերին վառելիք չուներ նախկին վարչապետի՝ ԱԺ ամբիոնից հնչեցրած խոստովանությամբ: Ես կմիանայի ներողամտությանը, որովհետև ես պետության փիլիսոփայությունն եմ կորցրել: Բայց էդ փիլիսոփայությունը վերականգնելի է:

Անկասկած էլի ճարահատյալ «նվիրաբերողներ» կհայտնվեն, որոնք արդեն գիտեն, որ այդ գումարները չէին կարող պետության վրա սաղացնել «Հայաստան» համահայկական կամ «Իմ քայլը» հիմնադրամների միջոցով: Մեծ հաշվով, պետությունը վերադարձնում է իր գումարները, պետությունն առիթ ունի «մարդ» լինելու նրանց հանդեպ: Եվ թողԱստված մեզ ազատի այսպիսի անճար միլիոնատերերից, որոնք երբեք էլ չեն ունենալու չթալանելու պատասխանատվությունն այնտեղ, որտեղ թալանելն ուղղակի պետության, իսկ ավելի կոնկրետ՝ մեր «նվիրաբերումն» է նրանց:

Մհեր Արշակյան

MediaLab.am