Երաժշտություն, տոն, ուրախություն. «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողություն

Երաժշտություն, տոն, ուրախություն. «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողություն
Երաժշտություն, տոն, ուրախություն. «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողություն

Մայիսի 16,  ժամը 19:00-ը, ՝ Շառլ Ազնավուրի  անվան հրապարակում կմեկնարկի «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողությունը։ Փառատոնի հետ առնչվող մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ։

Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու «Հոդված 3 իրավունքի փառատոնի» բացման արարողությանը նվիրված տոնական համերգին, որը տեղի կունենա մայիսի 16-ին, ժամը 19:00-ին՝ Շառլ Ազնավուրի  անվան հրապարակում։ Համերգին ելույթ կունենան «ԼԱՎ ԷԼԻ» և «ՈՐԴԱՆ ԿԱՐՄԻՐ» ռոք խմբերը, մարդու իրավունքներին նվիրված stand- up ելույթով հանդես կգա նաև Արմենիա հեռուստաընկերության Stand Up հաղորդման դերասան Շաֆի Ալ Կապրիոն։

Փառատոնի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ Կրթության նախարար Արայիկ Հարությունյանը,  Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը։

Համերգի մեկնարկից առաջ կներկայացվեն նաև փառատոնի շրջանակում նախատեսված  միջոցառումները, հրապարակի տարածքում կմեկնարկի նաև փառատոնի շրջանակում հայտարարված մարդու իրավունքներին առնչվող ուղերձների, գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների,  լուսանկարների  շարժական ցուցադրությունը։

Հայաստանում առաջին անգամ անցկացվող փառատոնը կազմակերպել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն։ Մայիսի 16 – մայիսի 24-ն  անցկացվող փառատոնը կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը՝ նպատակ ունենալով  հասարակության, մասնավորապես երիտասարդների շրջանում բարձրացնել մարդու իրավունքների մասին իրազեկվածության մակարդակը, դառնալ նոր գիտելիքներ ստանալու այլընտրանքային հարթակ, ձևավորել մարդու իրավունքների գնահատման և վերարժևորման մշակույթ։

Փառատոնի օրերին  իրականացվելու են՝

• Հանդիպումներ և քննարկումներ իրավունքների վերաբերյալ Երևանի համալսարաններում,

  Երկօրյա միջոցառումներ Գավառում,

• Լուսանկարների և գեղանկարների ցուցահանդես-մրցույթ,

• Քաղաքային QUEST մրցույթ,

• Թատերական ներկայացում,

• Թեմատիկ STREET ART, որի ընթացքում Երևանի Թումանյան-Սպենդիարյան խաչմերուկի մոտ գտնվող շենքերից մեկի կամարանցումը նկարազարդվելու է արևմտահայ հրապարակախոս, գրող Զապել Եսայանի պատկերով։ Զապել Եսայանը իր հրապարակախոսական հոդվածներում և ստեղծագործություններում բազմիցս է անդրադարձել կնոջ ինքնադրսևորվելու հնարավորությունների կարևորությանը՝ ընդգծելով հասարակության կյանքում կնոջ կարևոր գործոն դառնալու անհրաժեշտությունը, ինչը բավականին համարձակ քայլ է եղել 20-րդ դարասկզբին։ Պատահական չէ, որ սույն թվականի մարտի 8-ին Փարիզի Հանրապետություն պողոտայի և Տլիսմեն ու Սպինոզա փողոցների հատման կետում գտնվող ճեմուղին անվանակոչվել է նրա անվամբ։