«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաև արաբերենով

«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաև արաբերենով
«Կանաչ ու սև. արցախյան օրագիր»-ը՝ նաև արաբերենով
Հեղինակ MediaLab

Բեյրութում 1000 օրինակ տպաքանակով լույս է տեսել լրագրող, «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գիրքը արաբերենով: Հեղինակի 500 էջանոց այս աշխատությունը 2008 թվականի օգոստոսից ի վեր ունեցել է հինգ հրատարակություն, այդ թվում՝ արևմտահայերեն (մեսրոպյան ուղղագրությամբ), ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Արաբերեն հատորի թարգմանիչը Դամասկոսի համալսարանի դոկտոր, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանն է: Ինչպես թարգմանական, այնպես էլ տպագրական ծախսերը հոգացել է գործարար և բարերար Սարգիս Պուտաքյանը Բեյրութից:
Գիրքը՝ արցախյան պատերազմը, բանակցային գործընթացն ու պատմությունը, արաբական աշխարհին լավագույնս ներկայացնելու նպատակով առաջիկայում հեղինակի ներկայությամբ կազմակերպվելու է շնորհանդես Լիբանանի մայրաքաղաքում: Նախատեսվում է շնորհանդեսների շարք արաբական աշխարհի կարևոր այլ մայրաքաղաքներում, այդ թվում՝ Կահիրեում, Դոհայում, Դամասկոսում:

Արդեն թարգմանվել և տպագրության է պատրաստ նաև «Կանաչ ու սև. արցախյան օրագիր» գրքի թուրքերեն տարբերակը, որը թարգմանել է Տիրան Լյոքմագյոզյանը:

Թաթուլ Հակոբյանի երկրորդ՝ «Հայացք Արարատից. հայերը և թուրքերը» գիրքը, վերջերս հրատարակվել է Բեյրութում արևմտահայերենով (մեսրոպյան ուղղագրությամբ) և Երևանում արևելահայերենով: Այն այժմ թարգմանվում է անգլերեն և աշնանը կներկայացվի անգլիալեզու ընթերցողին:

© Medialab.am