Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է. Ֆրանսիայի կառավարության խոսնակ

Ֆրանսիայի վարչապետին առընթեր պետքարտուղար, կառավարության խոսնակ Գաբրիել Ատալը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «

Սիրելի բարեկամներ, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ այս ուղերձով ցանկանում եմ իմ ամենաջերմ մաղթանքները հղել Հայաստանի ժողովրդին, ինչպես նաև Ֆրանսիայում և ամենուրեք ապրող հայերին: Այս տարի սեպտեմբերի 21-ին, մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակը` այդ համատեքստում միևնույն ժամանակ վկայակոչում ենք նաև Ֆրանսիայի և Հայաստանի, հայ և ֆրանսիացի ժողովուրդների միասնականությունը:

Մենք միմյանց հետ կիսում ենք մշակութային նույն արժեքները, որոնցով դուք ապրում և արարում եք առօրյայում: Այսօր մենք վկայակոչում ենք նաև մեր եղբայրական հարաբերությունները` նկատի ունենալով, որ անցյալ տարին հայերի համար բազմաթիվ ծանր փորձությունների շրջան եղավ: Հայաստանի Հանրապետության Անկախությունը նշանավորելիս մենք մեծարում ենք հայ ժողովրդին, որը երբեք գլխահակ չի եղել, ժողովուրդ, որը միշտ կարողացել է ոտքի կանգնել, առաջ քայլել, որը մշտապես կարողացել է ապագա կառուցել: Այսօրվա խորհրդին առնչակից ենք դարձնում նաև մեր եղբայրական հարաբերությունները, որովհետև Ֆրանսիան Հայաստանի կողքին է, ֆրանսիացի ժողովուրդը հայ ժողովրդի կողքին է:

Ասածիս ակներև ապացույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունն էր, որով Ֆրանսիայի նախագահն արևմտյան երկրների ղեկավարներից առաջինը եղավ, ով դատապարտեց Լեռնային Ղարաբաղի դեմ օտար ներխուժումները: Մենք ականատես եղանք նաև նախագահ Մակրոնի խիստ և դատապարտող հայտարարությանը Թուրքիայի հասցեին` հակամարտության գոտի ջիհադիստներ տեղափոխելու միջամտության համար: Մենք մեծ կարևորություն ենք տալիս մեր եղբայրական հարաբերություններին: Ֆրանսիայի Հանրապետության նախագահը, Ֆրանսիան Հայաստանի կողքին են նրա Անկախությունը, տարածքային ամբողջականությունը, հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու գործում:

Մենք նաև մեր հայ բարեկամների, քույրերի և եղբայրների կողքին ենք` նրանց համերաշխորեն աջակցելով: Օրեր առաջ Ֆրանսիան 25.000 դեղաչափով համաճարակի դեմ պատվաստանյութերի առաջին խմբաքանակն ուղարկեց Հայաստան, որը վկայում է, որ ընդդեմ բոլոր դժվարությունների` Ֆրանսիան Հայաստանի կողքին է: Մենք պաշտպանում ենք նաև Ֆրանսիայում բնակվող հայերին: Ես հպարտ եմ, որ մաս եմ կազմում մի կառավարության, որը Նախարարների խորհրդի որոշմամբ լուծարեց հայերի դեմ բազմաթիվ սպառնալիքներ և հարձակումներ իրագործած «Գորշ գայլեր» խմբավորումը:

Այն Ֆրանսիայի ներքին գործերին Թուրքիայի միջամտության գործիք էր, ինչը միանգամայն անընդունելի է: Այս ամենը կարևոր է ինչպես ձեզ, այնպես էլ մեզ բոլորիս համար, ուստի իմ ուղերձում ցանկացա անդրադառնալ այդ հարցերին: Վերստին շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-րդ տարեդարձը:   Կեցցեʹ Հայաստանը: Կեցցեʹ Ֆրանսիան: Կեցցեʹ հայ-ֆրանսիական բարեկամությունը»

Աղբյուր՝ Factor.am