Սա հակասահմանադրական նախագիծ է. Անի Սամսոնյանը՝ ընտրելու իրավունքի սահմանափակման մասին

Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյանի (MediaLab.am)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց Ընտրական օրենսգրքում և «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունների փաթեթը, որով առաջարկվում է սահմանել, որ ԱԺ ընտրություններին կարող են մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք վերջին երկու տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 366 օր։ Արտահերթ ընտրությունների դեպքում հաշվարկի ժամկետը կրճատվում է մինչև 28 օր։ Մեկ տասնյակից ավել ՀԿ-ներ կոչ էին արել հետ կանչել նախագիծը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ իշխանությունը ականջալուր չեղավ այդ քննադատություններին։

– Սա հակասահմանադրական նախագիծ է ու ամբողջությամբ ընդունվում է քաղաքական նպատակահարմարությամբ: Մեր Սահմանադրությունը կարգավորում է անձի ընտրելու ու ընտրվելու իրավունքը, ու երկու մասով էլ օրենքները հստակ են: Սահմանադրության 48-րդ հոդվածով Հայաստանում հանրաքվեին կամ ընտրությանը կարող են մասնակցել Հայաստանի այն քաղաքացիները, որոնց տասնութ տարին լրացել է, ու նույն հոդվածով Սահմանադրությունը սահմանում է ընտրական ցենզ: 

Աշխարհում կան մի քանի ընտրական ցենզեր՝ տարիքային, բնակության, դատվածության, հիմա մեր Սահմանադրությունը սահմանում է երկու ցենզ, թե ով չի կարող ընտրել։ Մեկը վերաբերում է անձի քաղաքացիաիրավական կարգավիճակին, այսինքն՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված անձինք չեն կարող ընտրել, երկրորդը դատվածության ցենզն է, որ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք չեն կարող ընտրել: Մեր Սահմանադրությունը չի պարունակում դրույթ բնակության ցենզի մասին, հետևաբար սահմանադրական օրենքով, Ընտրական օրենսգրքով չի կարող սահմանվել նման ցենզ, դա լինելու է Սահմանադրությանը հակասող: 

Մյուս կողմից՝ ճեղքվածք է առաջանում մարդու իրավունք-պարտավորություն բալանսում։ Խոսքն այն մասին է, որ, օրինակ՝ իքս անձը մեկնել է արտագնա աշխատանքի ու վեց ամիս Հայաստանում չէ, բայց ընտանիքն այստեղ է, ու տվյալ անձը Հայաստանում կատարում է իր սահմանադրական պարտավորությունները, հետևաբար տվյալ անձը նաև իրավունք ունի ընտրելու, ու որևէ մեկը դա չի կարող սահմանափակել, տվյալ դեպքում իշխանությունը սահմանափակում է այդ իրավունքը, ինչը հակասահմանադրական է: 

Եթե իրենք իսկապես ուզում են կանխել ընտրական տուրիզմը, ապա  պետք է կիրառեն այլ վերահսկողության միջոցներ, այլ ոչ թե մի քանի հոգու համար Հայաստանի քաղաքացիների մեծ մասին զրկեն ընտրելու իրավունքից: 

Բացի այս՝ այն հիմնավորումը, թե մարդկանց կազմակերպված ձևով Ռուսաստանից բերել են ընտրության, փաստարկված չէ, իրենք չունեն հստակ վիճակագրություն: Այս հարցի վերաբերյալ կան նաև միջազգային սահմանափակումներ, օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովն ասում է, որ բնակության ցենզ կարող է լինել, բայց դա կարող է լինել համայնքային ընտրությունների համար, համապետական ընտրությունների համար Վենետիկի հանձնաժողովը բնակության ցենզը չի արդարացնում: 

Աշխարհում ընտրական ցենզերի սահմանափակումներ կան հին ընտրական մոդելներում, նոր մոդելներով հնարավորինս փորձում են այդ իրավունքն ավելի ազատական դարձնել: Այն, ինչ անում է իշխանությունը, թե՛ միջազգային, թե՛ սահմանադրական չափորոշիչներով ուղղակի հետընթաց է ու ընդամենը քաղաքական քմահաճույք:   

– Իսկ այս շտապողականությունն ինչո՞վ եք բացատրում:

– Չէի ասի, որ այս նախագծի քննարկումը նշանակում է, որ իշխանությունը մտածում է, թե վաղը Սահմանադրական դատարանն անվավեր կճանաչի հունիսի 7-ի ընտրության արդյունքներն ու կնշանակի նոր ընտրություն, բայց իշխանությունը պատրաստվում է հնարավոր բոլոր սցենարներին: 

Իշխանությունը նաև հասկանում է, որ եթե ընդդիմությունը վերցնի մանդատները ու գնա խորհրդարան, ապա այսպիսի հակասահմանադրական օրենքների քննարկումներն ավելի թեժ են լինելու, ու ավելի շատ գլխացավանք են պատճառելու իրենց: 

Այսինքն՝ այս խորհրդարանում իրենց համար նմանօրինակ նախագծերի քննարկումն ավելի հեշտ է ու առանց գլխացավանքի: Բայց եթե ընդդիմությունը վերցնի մանդատներն ու գնա խորհրդարան, ապա կարող է այս օրենքը տանել Սահմանադրական դատարան, որովհետև սա հակասահմանադրական օրենք է:  

– Տիկի՛ն Սամսոնյան, ձեր գնահատմամբ՝ իշխանությունը այս առումով իրական վտանգ է տեսե՞լ, որ որոշեց նման սահմանափակում կիրառել:

– Թե՛ իշխանությունը, թե՛ որոշ ՀԿ-ներ նախընտրական քաղաքական այնպիսի աղմուկ բարձրացրին, թե Ռուսաստանից հարյուր հազարավոր մարդկանց բերում են, որպեսզի քվեարկության մասնակցեն, ու այդ ամենը փորձում էին օդից փաստաթղթավորել՝ առանց իրական փաստեր ունենալու: 

Իշխանությունը, ստեղծելով այս դատարկ աղմուկը, այդպես էլ չկարողացավ ապացուցել, որ եղել է կազմակերպված ուղղորդում, որ Ռուսաստանից գան ու քվեարկեն Սամվել Կարապետյանի օգտին: Որևէ փաստ այդ առումով ես չեմ տեսել, ու չկա նման փաստ, ավելին ասեմ, ես վստահ եմ, որ եթե Ռուսաստանից անգամ եկել են քվեարկության, ապա քվեարկել են հենց այս իշխանության օգտին, բայց քաղաքական աղմուկն այնքան ուժեղ էր, որ մարդիկ հավատացին, թե Ռուսաստանից հարյուր հազարավոր քաղաքացի եկավ ու քվեարկեց Սամվել Կարապետյանի օգտին: Հետևաբար խոսել լուրջ վտանգների մասին, տեղին չէ, սա ուղղակի իշխանության հերթական քմահաճույքի դրսևորումն է: 

Քրիստինե Աղաբեկյան