Մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը

Հայաստանում մեկնարկել է «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունը, որի նպատակն է իրագործել ամբողջ Արցախի, այդ թվում՝ Շուշիից, Հադրութից և օկուպացված այլ տարածքներից տեղահանված երեխաների ամանորյա երազանքները: 

Հարյուրավոր արցախցի երեխաներ նամակներ են գրել Ձմեռ պապիկին՝ հայտնելով իրենց ամանորյա ցանկություններն ու երազանքները: Նամակներն ընդունվել են մինչև ս.թ. դեկտեմբերի 5-ը: 

Նախաձեռնությանը միանալու կոչին արձագանքել են բազմաթիվ մարդիկ տարբեր երկրներից, որոնց շնորհիվ հավաքագրվել է շուրջ 22 հազար ԱՄՆ դոլար՝ երեխաների երազանքներն ի կատար ածելու համար: Նվիրատվությունները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ:

«Այս նախաձեռնության շրջանակում նպատակ ունենք գնել նվազագույնը 2500 նվերների փաթեթ հենց Արցախում բնակվող երեխաների համար, ինչպես նաև նրանց համար, ում գաղտնի Ձմեռ պապիկները դեռ չեն հայտնվել: Հիմնականում երեխաները ցանկացել են գրենական պիտույքներ, հագուստ, խաղալիքներ, սպորտային սարքավորումներ և այլն»,- ասում է նախաձեռնության համահիմնադիր Դիանա Պետրոսյանը:   

Նախաձեռնությունն արդեն իսկ հաջողել է, քանի որ առաջին իսկ օրից նրանց են միացել ինչպես անհատ բարերարներ, այնպես էլ կազմակերպություններ Հայաստանից, արտերկրից և Սփյուռքից: 

«Արցախի հազարավոր երեխաների համար, ովքեր սարսափելի պատերազմի հետևանքով, ստիպված են եղել լքել իրենց տները, իսկ ոմանք կորցրել են իրենց հարազատներին, սա լինելու է իրենց կյանքի ամենատխուր Ամանորը: Նրանց կյանքում մի փոքր ուրախություն բերելու նպատակով, մենք որոշեցինք մեկնարկել այս նախաձեռնությունը, որն անմիջապես դրական արձագանք ստացավ: Օր-օրի աճում է արցախցի երեխաների համար նվերներ ուղարկող մարդկանց թիվը: Մենք շատ շնորհակալ ենք և ուրախ, որ մեր նախաձեռնությունն աջակցությունն է  ստանում»,-ասում է նախաձեռնության համահիմնադիր Մարգարիտա Վարդանյանը:

«Գաղտնի Ձմեռ պապիկների» գրանցումն ու նվերների հավաքագրումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 20-ը:  Նվիրատվություն կատարելու համար «Ձմեռ պապիկները» պետք է հետևյալ հղումով ընտրեն արցախցի երեխաների նամակներից որևէ մեկը:

Նվերներն արցախցի փոքրիկներին հանձնելու նպատակով նախաձեռնության անդամներն անձամբ կայցելեն Արցախ դեկտեմբերի 20-ից մինչև տոների ավարտն ընկած ժամանակահատվածում: 

Այս մասին հայտնում են «Ամանորյա հրաշք Արցախի երեխաների համար» նախաձեռնությունից։