«Լրջագույն խնդիր է, որ մինչ օրս չեն բացահայտվել պատերազմում տեղի ունեցած դավաճանական գործընթացները». Արմեն Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, Արցախյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո նկատո՞ւմ եք, որ թե՛ իշխանությունը, թե՛ հասարակությունը այդ ամենից համապատասխան հետևություններ արած լինեն: Ի՞նչ ունեցանք մենք այս պարտության հետևանքով:

– Պատերազմի մեկնարկից մինչ օրս ու դեռ երկար ժամանակ, օբյեկտիվորեն, թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում հայ հասարակությունը չի հաղթահարել պատերազմի հետևանքները, որովհետև պարտությունը բավականին ծանր էր, դրա հետևանքները դեռևս շարունակվում ու շարունակվելու են:

Պատերազմի հետևանքով մենք ունեցանք բազմաթիվ խնդիրներ, մարդկային ու տարածքային կորուստներ, ու դրանք դեռ երկար ժամանակ ուղեկցելու են մեր պետությանն ու ժողովրդին: Պատերազմի հետևանքով մեր ժողովրդի շրջանում կան փոխադարձ թշնամանք ու լարվածություն, որ ոչ միայն հետպատերազմյան շրջանում խոչընդոտում են Հայաստանի արագ վերականգնումը, պատերազմի հետևանքների հաղթահարումը, այլ նաև ավելի են բարդացնում առանց այն էլ բարդ ճանապարհը, որը դեռ ունենք անցնելու:

Ձեր մատնանշած խնդիրների լուծման համար թե՛ պետական մակարդակով, թե՛ հանրային մակարդակով քայլեր արվո՞ւմ են:

– Չեմ տեսնում որևէ նպատակաուղղված քաղաքականություն, որը տանում է առաջացած ճգնաժամային իրավիճակը հանգուցալուծելուն: Լարվածության, հասարակական ճգնաժամի թոթափման դեռևս ականատես չենք լինում, չկան հստակ ծրագիր ու քաղաքականություն, որ միտված են պատերազմի հետևանքների վերացմանը, ինչն ունի մի քանի պատճառ:

Նախևառաջ՝ հասարակությունը դեռևս գտնվում է շոկի մեջ, դեռևս չեն պարզվել պարտության հիմնական պատճառները, դրա հետ կապված իրողությունները, ու, դրան գումարած, թշնամին շարունակում է անընդհատ նոր խնդիրներ ստեղծել Հայաստանի համար:

Պատերազմի ավարտից մինչ օրս շարունակվում են փոխադարձ մեղադրանքները, հայտարարություններն այն մասին, որ սա ծրագրված պատերազմ էր, պայմանավորված պարտություն էր և այլն: Պետական մակարդակով նշվեց, որ տեղի է ունեցել պետական դավաճանություն, որ բազմաթիվ հրամանատարներ մարտի դաշտը լքել են, սակայն մինչ օրս կոնկրետ անձ պատասխանատվության չի ենթարկվել: Ինչո՞ւ, ըստ ձեզ, ո՞րն է պատճառը:

– Բավական բարդ է այդ հարցին պատասխանել, կդժվարանամ հստակ գնահատական տալ: Գուցե օբյեկտիվ, ինչու չէ՝ նաև սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ ականատեսը չենք լինում բոլորիս համար կարևորագույն այդ հարցերի պատասխանին, ինչը լրջագույն խնդիր է մեզ համար, որն էլ իր հերթին ավելի է երկարաձգելու ներհասարակական ու ներքաղաքական ճգնաժամը:

Բնական է, որ այս պատերազմը, ինչպես և բոլոր պատերազմները, չեն շրջանցում դավաճանական բնույթ ունեցող գործողությունները, և մեզ համար օրակարգային են դառնում պատերազմի հետ կապված իրավական գործընթացները, որոնք կբացահայտեն արձանագրված դավաճանական գործողությունները:

Իսկ իշխանության կողմից նմանատիպ գործողությունների բացահայտման ցանկություն տեսնո՞ւմ եք, պարո՛ն Պետրոսյան:

– Չցանկանալով խորանալ քաղաքական հարցերի մեջ՝ այնուամենայնիվ նշեմ, որ որևէ իշխանության կամքից անկախ՝ անհրաժեշտություն է իրականացնել նմանատիպ իրավական գործընթաց: Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն ներքաղաքական ու ներհասարակական այս ճգնաժամը հաղթահարելու նպատակով պետք է առաջինը այս գործընթացը նախաձեռնի, ձգձգելը ավելի է խորացնելու ճգնաժամը, որովհետև ողջ հայ ժողովուրդն ուղղակի սպասում է բազմաթիվ հարցերի պատասխանի, իսկ քանի դեռ չեն տրվել դրանց պատասխանները, մեր հետագա ընթացքը դեպի ապագա ավելի է դանդաղելու:

Իսկ տարածաշրջանը ու այն հարևանների թշնամական մթնոլորտը, որում գտնվում ենք, ոչ համաչափ ընթացքը մեզ միայն խանգարելու են ու հանգեցնելու են նոր ճգնաժամի ու պատերազմի, որոնց դարձյալ պատրաստ չենք, և ունենալու ենք շատ ավելի լուրջ հետևանքներ, քան ունենք:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am