«Դատարանները սպասարկում են գողապետության շահերը, հրեշը ծառայում է իրեն ծնածին, թավիշը ո՞րն է, դատարան չկա». Լևոն Շիրինյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

– Ռոբերտ Քոչարյանը RBK-ին տված հարցազրույցում նշել է, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհեթեթություն է: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Այստեղ պատասխանը հետևյալն է. դա կարող է որոշել բացառապես արդարադատ դատարանը, ինքը չի կարող որոշել: Հայաստանի դատարանը դա չի կարող որոշել, դա կարող էր ախտորոշել Մխիթար Գոշի Դատաստանագիրքը: 

Իսկ նրա բացատրությունները պարզապես զավեշտ են: Իրենք ինչո՞ւ չեն ուզում իրենց ստեղծած դատարաններում հարցը լուծվի: Այսինքն՝ նա այն մոր նման է, որ իր ծնած երեխային չի ճանաչում, բա ո՞վ է նրան դաստիարակել: 

– Շատերը նշում են, որ իշխանությունների գործողություններում թավիշը շատ է, դրա համար էլ շատ հարցեր բաց են մնում: 

– Թավիշը ո՞րն է, դատարան չկա Հայաստանում: Թավիշ-թավիշ ասելով՝ հեղափոխությունը ձախողում են: Հայ ժողովուրդը հեղափոխություն է արել և այդ հեղափոխության սեփականատերն է: 

Իսկ դատարանները սպասարկում են գողապետության շահերը: Հրեշը ծառայում է իրեն ծնածին: Գիտե՞ք վտանգը որն է. մեկ է, այս հարցը լուծվելու է, բայց սրանց նպատակն օտարերկրյա ինտերվենցիա կազմակերպելն է Հայաստանի դեմ: 

Սա՛ է իրենց ուզածը, թե չէ ինչի՞ են ձգտում, որ Պուտինը զորքը վերցնի, մտնի, հարցերը լուծի: Բայց Պուտինը հազիվ Լուկաշենկոյին փրկի, այն էլ այդտեղ էլ իրար են ուտում: 

Հայաստանի երկրաքաղաքական դերը հիմա այնպիսի ռազմաստրատեգիական տեմպերով է բարձրանում, որ Պուտինն այլևս Հայաստանի վրա ուղիղ չի գա: Նա էնպես նամակ կգրի, հեռախոսազանգ կանի Քոչարյանին, չգիտեմ, իրենց կանանց կընդունի, չի ընդունի և այլ այդ կարգի բաներ: 

Ռուսները ժամանակ չունեն, իսկ Հայաստանի պետականությունն ամրապնդվում է, ինչքան ուզում է դրսի վրա հույս դնեն: Հո Թրամփը չի՞ օգնելու դրանց: 

– Ռոբերտ Քոչարյանը հիվանդության անվան տակ կալանքից ազատվեց, բայց հիմա տեսնում ենք՝ Սևանում լողում է: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Այդ բոլորը դատարաններն են: Օրենքները տասնյակ տարիներով այնպես են ստեղծել, որ կույսին կարող ես դարձնել անառակ, անառակին էլ՝ կույս: Այսինքն՝ մենք ունենք իրավունք, բայց չունենք արդարադատություն: 

Այստեղ էլ իրենք խաղում են: Հիմա կարելի է ենթադրել, որ ժամանակին սա նախատեսել են, որ եթե ուզեն պատժել՝ պատժեն, եթե իրենք լինեն, եթե ուզեն չպատժել՝ չեն պատժվի: Հիմա հարցն այն է, թե սա ինչքան է տևելու: Ես կարծում եմ, որ սրանց հանցագործությունները պետք է դիտարկել որպես ցեղասպանություն տարած հայ ժողովրդի դեմ կատարված խեղկատակություն: 

Հետևաբար կարելի է նրանց գործերը տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Հայ ժողովուրդը չպետք է ափսոսա, որ սրանք հայ են, թե ոչ: Նրանք հայ ժողովրդի հետ ոչ մի առնչություն չունեն, օտար տարրեր են, ուրիշի կամակատարներ են: Իրենց ասել են՝ գողացեք, մեր հարցերն էլ լուծեք, ինչպես գողական աշխարհում: 

– Քոչարյանը նաև հայտարարել է, որ իրեն մեղադրում են իր պարտականությունները կատարելու մեջ: 

– Իր պարտականությունը մարդասպանությունը չէ: Իրեն կարելի է դատել նաև «խաբար չեմ»-ի համար, որովհետև երկրի նախագահը չի կարող խաբար չլինել զորքի տեղաշարժից: 

Ինքը երբ ասում է՝ ես տեղյակ չեմ եղել, ուրեմն անմեղսունակության կամ անգործության համար դատ է հասնում, որոշ երկրներում գնդակահարում են: 

Երեխային եթե մեկը փողոց է շպրտում, զրկում են ծնողական իրավունքից, բա եթե զորքը շարժվել է, ու նախագահը չգիտի, ուրեմն կա՛մ հիվանդ է, անմեղսունակ է, կա՛մ էլ անգործունակ է: 

Թող նայեն Հարավային Կորեան, որտեղ օրը մեկ նախագահի գլուխ են թռցնում, որովհետև նրանք դատարան ունեն: Քոչարյանն ասում է՝ ես այդ գաղտնի հրամանը չեմ տեսել, չգիտեմ, այդ դեպքում իր պարտականությունը երկիրն անտեր թողնե՞լն է: 

Նշանակում է՝ իր պարտականությունը բողոքավոր ժողովրդին լռեցնելն է, ընտրություններ կեղծելն է: Այդպիսի պարտականություն Սահմանադրությամբ նախատեսվա՞ծ է որևէ երկրում: 

Այդ դեպքում թող դատարանը հաշվի առնի, որ նա իր հանցանքը անուղղակիորեն ընդունում է, որ գնդակահարել է ժողովրդին: Չէ՞ որ ասում է՝ պարտականությունս եմ կատարել: «Տեղյակ չեմ»-ը այս դեպքում չի աշխատում: 

Եթե ինքը տեղյակ չի, պետք է պարզել, թե ով է եղել իրենից հետո հաջորդ պաշտոնյան: Այդ դեպքում վարչապետն է մեղավոր, իսկ այդ ժամանակ վարչապետը Սերժ Սարգսյանն էր: 

Բայց նա էլ սկի սալյարկի գողության համար չի ուզում նստի, ուր մնաց «Մարտի 1»-ի համար: Հիմա վաղն էլ Լուկաշենկոն կարող է ասել՝ էդ որ ավտոմատը ձեռքիս նկարած է, ես չեմ, նմանակս է, բայց բելառուս ժողովուրդը նրան կբռնի ու կգլխատի: 

Նախագահի պարտականությունը ժողովրդին գնդակահարելը չէ, այլ այն, որ եթե ընտրություններում պարտություն է կրում, ապա հանգիստ գնում է տուն: 

– Ի վերջո, «Մարտի 1»-ի գործով կունենա՞նք ամբողջական բացահայտում, երբ որևէ հարց անպատասխան չի մնա, կունենանք ամբողջական պատկերը:

– Մանրուքները դժվար է ասել, այս դատարաններով երևի ոչ մի բան էլ չբացահայտվի, բայց իրականում հավանաբար Ռուսաստանի ճնշումը շատ մեծ է: Ռուսները Բելառուսում խրվել են, և հիմա իսկական սրանց դատելու ժամանակն է, քանի որ ռուսները ժամանակ չունեն Հայաստանով զբաղվելու: 

Մյուս կողմից՝ Պուտինին մեղադրում են Նավալնիին թունավորելու մեջ: Հայաստանն իր տարածքում որպես պետություն, գերիշխան է, միջազգային հարաբերություններում ինքնիշխան է: Այսինքն՝ սուվերենիտետը պետության մեջ բացարձակ է: 

Բայց ես համոզված եմ, որ եթե այսպես շարունակվի, ժողովուրդը մի օր, ինչպես 2018- ապրիլին, կբարձրանա այդ դատարանների վրա և նախկիններին սպասարկող դատավորներին, փաստաբաններին և մնացած բոլոր մանկլավիկների վզներից կբռնի ու դուրս կշպրտի, ունեցվածքն էլ ձեռքներից կառնի: Որովհետև ժողովուրդը համբերություն ունի, այսպես չի կարող շարունակվել, մի օր ապստամբություն կլինի: 

– Ձեր կարծիքով՝ Քոչարյանն ունի՞ Ռուսաստանի անվերապահ աջակցությունը: 

– Ո՛չ, չունի, աշխարհում այնքան Քոչարյան կա: Բոլորովին բացառված չէ, որ այս հարցազրույցի համար վճարել են: Ռուսաստանի մասշտաբով RBK-ն ի՞նչ է: Գումարները տալիս են, իրենց համար պատկեր է առաջացնում: 

Առաջ փողը տալիս էին, ուրիշը ղեկավարի ճառը գրում էր, իրենք էլ վեր էին կենում խոսում: Հիմա խոսքը պետք է բանավոր լինի, պարզվում է, որ խոսել էլ չգիտեն, լեզուները կապ է ընկնում: Իրենք պետականության վարկը գցում են և իշխանության լեգիտիմության կորուստ են կազմակերպում: 

Այսինքն՝ նախկին նախագահ կոչվածները պետության դեմ են գործում և հայ ժողովրդի կամքի դեմ են դուրս եկել: Սա քաղաքական պատիժ է ենթադրում: Պատկերացրեք՝ Թրամփը դուրս գա ու սկսի խաղալ ամերիկացիների նյարդերի վրա, ի՞նչ կանեն: 

– Ինչո՞ւ իշխանությունը շատ թավշյա ճանապարհով գնաց:

– Հստակ չեմ կարող ասել: Իմ տեսակետը հենց սկզբից այն է եղել, որ պետք է արագ գործել: Ես մեր իշխանությանն զգուշացրել էի, որ Չիլիի օրինակը չսարքեք: Այնտեղ Սալվադոր Ալիենդեն չէր ուզում իր գեներալներին ձեռք տալ, ասում էր՝ բոլորս չիլիացի ենք: 

Արդյունքում՝ իրեն բռնեցին, վիզը ոլորեցին ու շպրտեցին: Չիլիի օրինակի ուրվականը Հայաստանում շրջում է: Ըստ էության, Հայաստանում խորքային պետությունը չի տապալված, ակնհայտ է, որ դատական իշխանությունը սպասարկում է հենց այդ խորքային պետությանը:

Դա նշանակում է, որ Հայաստանը ներքին օկուպացիա ունի: Եթե Շառլ Ազնավուրի խոսքով ասենք՝ Հայաստանի մաֆիան Հայաստանը տանում է դեպի կործանում: Իշխանությունը պետք է սթափվի և այս հարցերը լուծի:

Մանե Հարությունյան

MediaLab.am