Օգոստոսի 23-ին ընդդիմադիր Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը եւ կենտրոնական գրասենյակի անդամ, Եվրոպական կառույցներում Կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանը հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Բրյուս Դոնահյուի եւ դեսպանության քաղաքական խորհրդատու Քրիստոֆեր Անդերսոնի հետ: Այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսից:
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր: Մասնավորապես անդրադարձ է եղել Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ ընթացող երկխոսության ներկա վիճակին եւ հեռանկարներին»,- գրված է Կոնգրեսից տարածված հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպումը կայացել է առավոտյան` ընդդիմություն-իշխանություն երկխոսության նպատակով ստեղծված աշխատանքային խմբերի այսօր մեկնարկած հերթական հանդիպումից առաջ:
Բուն հանդիպումը, որը այսօր Կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է ժամը 12-ին, այս պահին դեռ չի ավարտվել:
© Medialab.am
24.08.2011