Հայ-ամերիկյան TRIPP նախագծին զուգահեռ` Սյունիքի մարզում խոշոր ներդրումներ է անում նաև Եվրամիությունը: 2023-ին մեկնարկած «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում անդամ երկրները, Շվեյցարիան և եվրոպական բանկերն արդեն ավելի քան 250 միլիոն եվրո են հատկացրել տասնյակ ծրագրեր իրականացնելու համար՝ ոռոգման համակարգի նորոգումից մինչև խմելու ջրի մատակարարում, խոցելի մարդկանց խնամքից մինչև մինչև հոգևոր ու մշակութային ժառանգության պահպանություն ու վերականգնում:Այս մասին հսյտնում է «Ազատություն»-ը:
«Ես Սյունիքի բնակիչներին ուզում եմ ասել՝ Եվրամիությունը կանգնած է ձեր կողքին ու աջակցում է ձեր ջանքերին», – հայտարարում էր Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, – «Հայ ժողովուրդը գիտի՝ որքան կարևոր է Սյունիքը, Հայաստանի համար շատ կարևոր մարզ է և մեծ դեր ունի երկրի դիմակայունության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման հարցում»:
Այս պահին նախաձեռնության ընդհանուր բյուջեն 258 միլիոն եվրոյի է հասնում, որի մի մասը վարկեր են, մյուսը՝ դրամաշնորհներ: Այս միջոցներով, օրինակ, վերականգնում են 36 կիլոմետր երկարությամբ Սպանդարյանի ջրանցքը, որի միջոցով ավելի քան 2 հազար հեկտար գյուղատնտեսական հողատարածք կկարողանան ոռոգել: Ֆրանսիայի աջակցությամբ պեղումներ են իրականացնում Տաթևի Մեծ անապատ 17-րդ դարի վանական համալիրում ու պատրաստվում վերականգնման աշխատանքներին: Եվրամիության աջակցությամբ հատուկ խնամքի ու ուշադրության կարիք ունեցող տարեցներին կացարանով են ապահովում: Հայ արտադրողներին ու բերք մթերողներին անհրաժեշտ ենթակառուցվածքներ ու սարքավորումներ են տրամադրում, և այսպես շարունակ:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















