Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները հագեցած է համարում։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում հայ գործընկերոջ՝ Արարատ Միրզոյանի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։

«Դա թե՛ տնտեսությունն է, թե՛ ներդրումները և անվտանգության ոլորտը՝ մենք դաշնակիցներ ենք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև հումանիտար, գիտական և կրթական ոլորտներում…»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է այդ հարաբերությունների շարունակականությամբ ու հարստացմամբ: Համագործակցության կարևոր կողմերից են միջազգային հարթակներում համագործակցությունը: Ըստ Լավրովի՝ Երևանն ու Մոսկվան սերտորեն համագործակցում են ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում և ԵԽ-ում, կա համաշխարհային քաղաքականության տարբեր ասպեկտների վերաբերյալ խորհրդակցությունների մեխանիզմ:

Ըստ Սերգեյ Լավրովի՝ փոխգործակցության կարևոր ուղղություն է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Նրա խոսքով՝ այստեղ կան մի շարք հարցեր, որոնք անմիջականորեն քննարկվում են նախագահների ու վարչապետի կողմից։ «Կան հարցեր, որոնք ամենօրյա հիմունքներով լուծում են երեք երկրների զինվորականներն ու սահմանապահները։ Փոխվարչապետերի մակարդակով գործում է  տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի մեխանիզմը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում առաջին այցը Ռուսաստան կատարելու համար՝ հավելելով, որ սա ևս մեկ անգամ ընդգծում է երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը:

Աղբյուր՝ Factor.am