ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության

Հեղինակ MediaLab

2013 թ. հունիսի 21-ին` ժամը 15:30-ին, ՀՀ վարչական դատարանում նշանակված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ Ա. Հակոբյանի:

Հիշեցնենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է վերացնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության գրության մերժումը, պարտավորեցնել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությանը՝ տրամադրել հարցմամբ հայցվող տեղեկությունը, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ՝ Ա. Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության:

2012 թ. սեպտեմբերի 27-ին «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը տեղեկատվություն ստանալու հարցում էր ներկայացրել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ խնդրելով տրամադրել ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության կողմից իրականացված ծառայողական քննության նյութերը:

2012 թ. հոկտեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի կողմից ստացվել է պատասխան գրություն, ըստ որի՝ մերժվել է տեղեկատվության տրամադրումը այն պատճառաբանությամբ, որ ծառայողական քննության նյութերը իրենից ներկայացնում են ծառայողական գաղտնիք պարունակող ներքին օգտագործման փաստաթղթեր: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պաշտոնական հաղորդագրությունը: 

© Medialab.am