Թալիբների «թավշյա սեզոնը» Հայաստանում

Թալիբների «թավշյա սեզոնը» Հայաստանում
Թալիբների «թավշյա սեզոնը» Հայաստանում

Հայաստան թալիբ ահաբեկիչների խմբի ներթափանցման մասին տեղեկությունը, որ սեպտեմբերի 19-ին հրապարակել է Հայկական Ժամանակ օրաթերթը, եւ որն ըստ էության չի հերքել ԱԱԾ մամուլի ծառայությունը, բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծում:
Թալիբների խումբը կարծես թե որոշել է Հայաստանում վայելել հանգստյան “թավշյա սեզոնը”:
Այդ ընթացքում, Հայաստանում անցկացվում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի զորավարժությունը, որն աննախադեպ է իր մասշտաբով: Եվ ահա, երբ Հայաստանի անվտանգության առանցքային երաշխավորներից մեկը՝ ՀԱՊԿ-ը զորավարժություն է անում Հայաստանի տարածքում, այդ տարածք են ներթափանցում թալիբներ, հայտնի չէ, թե ինչ նպատակով:
Փոխարենը կարծես թե նոր լույս է սփռվում օրերս Լիբիայում ԱՄՆ դեսպանատան նկատմամբ կատարված հարձակումից հետո ԱՄՆ պետքարտուղարության տարածած կոչում Հայաստանի ներառման վրա: Ինչպես հայտնի է, մի քանի երկրների ամերիկացի քաղաքացիներին կոչ էր արվել զգոն լինել եւ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Այդ երկրների թվում էր ներառվել նաեւ Հայաստանը:

Ներկայում, երբ հրապարակվում է թալիբների խմբի ներթափանցման մասին, իսկ պաշտոնական աղբյուրն էլ ոչ թե հերքում է ու բացառում, այլ հավաստիացնում, որ կատարվում են անվտանգության բոլոր գործառույթներն ու անհանգստանալու բան չկա, պարզ է դառնում, որ ամերիկացիների անհանգստությունն ուներ հիմնավոր պատճառներ:

Բայց, այդ ամենն իհարկե առաջին հերթին պետք է անհանգստացնի հայաստանցիներին, հատկապես այն պարագայում, երբ ահաբեկչական խմբի ներթափանցումը տեղի է ունենում ՀԱՊԿ մասշտաբային զորավարժության ֆոնին: Ըստ երեւույթին, ՀԱՊԿ-ը միայն «մեծ» սպառնալիքներն է տեսնում, իսկ «փոքր» ահաբեկչական խմբերը անցնում են նրա ոտքերի արանքից:

Այդ համատեքստում հետաքրքրական է նաեւ, որ զորավարժության ընթացքում Հայաստան չեկավ ՌԴ նախագահ Պուտինը, թեեւ նրա այցը սպասվում էր, եւ այդ մասին տեղեկատվություն հրապարակվեց ամիսներ առաջ, որը պաշտոնական որեւէ աղբյուր կարծես թե չէր հերքել: Կարդալ ավելին