Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». հայտարարություն

Նոյեմբերի 9-ի ապօրինի, միջազգային իրավունքի հիմնադրույթներին հակասող՝ բռնի ուժի կիրառմամբ և պատերազմի սպառնալիքով պարտադրված եռակողմ հայտարարությունը Հայաստանի պետականությանը և միջազգային հանրությանը նետված մարտահրավեր է:

Այս հարցում 28 տարվա մեջ առաջին անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողների մոտեցումների մեջ կան առանցքային տարբերություններ. ուղիղ 100 տարի անց կրկին բախվել են ռուս-թուրքական և արևմտյան քաղաքակրթական պատկերացումները, տարածաշրջանային շահերը և տեսլականները:

Ըստ այսմ, ողջունելով Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի ընդունված բանաձևերը, ինչպես նաև այլ երկրների նույնաբովանդակ հայտարարությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան և ֆրանսիական համանախագահների տարածաշրջանային այցը, հայտարարում ենք.

  1. Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն ամենևին չի նշանակում «Ղարաբաղյան կոնֆլիկտ հասկացության վերացում». Արցախյան հակամարտությունը կարող է լուծվել բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:
  2. Հայաստանի պետությունը Ադրբեջանի հետ համակեցությունը կարող է հիմնել միայն արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչման վրա:
  3. Հայաստանի պետությունը պարտավոր է, օգտագործելով ԱՄՆ, Եվրամիության և մասնավորապես Ֆրանսիայի աջակցությունը, կառուցել անվտանգության նոր համակարգ և դրա շնորհիվ հասնել Արցախի Հանրապետության ճանաչման ու տարածաշրջանում խաղաղության հաստատման:
  4. Քանի որ պատերազմ տանուլ տված և կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրած Կառավարությունն անզոր է հանդես գալ արժանապատվության և իրավունքի դիրքերից, պետք է րոպե առաջ հասնել ժողովրդին երկրի տերը դարձնող Սահմանադրության ընդունմանը և դրան համապատասխանեցված ընտրական օրնեսգրքով նոր իշխանությունների ձևավորմանը:
  5. Նպատակ ունենալով խափանել տարածաշրջանի ռուս-թուրքական բաժանման նոր գործընթացը և մերժելով նախորդ դրածո ռեժիմի սպասարկուների հավակնությունները՝ կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին համախմբվել պետականությանը նետված մարտահրավերը հաղթահարելու:

Միայն իմաստնության, լրջության, ազնվության և նորացվող աշխարհի տրամաբանությանը համահունչ քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է դառնալ այդ աշխարհի առաջամարտիկներից:

ՀԱՅԿ  ԳՐԻԳՈՐՅԱՆ /«Ազգային առաջընթաց» կուսակցություն

ՊԱՐՈՅՐ ՀԱՅՐԻԿԵԱՆ  /«Ազգային ինքնորոշում» միավորում

ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ /«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցություն

ԱՆԴՐԻԱՍ ՂՈՒԿԱՍՅԱՆ /Հայ կառուցողական կուսակցություն

ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ  /«Հայրենիք և պատիվ» կուսակցություն

ԱՐՏՅՈՄ ԽԱՉԻԿՅԱՆ /«Հայք» (Հայկազուններ) կուսակցություն

ՄԻՔԱՅԷԼ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ /Պահպանողական կուսակցություն