«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը
– Պարո՛ն Կարապետյան, Սիրիայում կրկին իրադրությունը լարվեց, հետագա ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում՝ հնարավոր հետևանքներով, որոնք կարող են ազդել նաև մեզ վրա:
– Վերջին իրադարձություններից, ենթադրում եմ, որ տեղյակ եք. քրդական ուժերն անցան թրքահպատակ նոր սիրիական իշխանությունների ենթակայության տակ՝ պայմանագիր կնքվեց, համաձայնագիր ստորագրվեց, որ իրենք դառնում են Սիրիայի նոր իշխանությունների անվտանգային ուժերի մաս: Ըստ այդմ ստացվում է, որ քրդական տարածքներում տեղակայված բոլոր ռազմավարական, քաղաքացիական օբյեկտները, այդ թվում՝ անցակետերը, օդանավակայանները, նավթահանքերը և այլն, պետք է անցնեն նոր իշխանություններին, ընդ որում ասեմ, որ այս ամենից օրեր առաջ տեղի ունեցավ ալավիների բառացի ցեղասպանությունը:
Այսինքն՝ երբ զինված ուժերի կողմից պաշտոնապես հայտարարվեց, որ իրենք երկու փուլով մաքրել են, այսինքն՝ էթնիկ զտել ու ցեղասպանել են ալավիներին ամբողջ Լաթակիայից, Հոմսից, Համայից և Տարտուսից: Այսինքն՝ մենք նախ տեսանք ցեղասպանություն բառիս բուն իմաստով՝ քրիստոնյաների, ալավիների, շիաների էթնիկ զտում, տեսանք, թե ոնց են անզեն տղամարդկանց, կանանց, երեխաներին անխտիր սպանում՝ նսեմացնելով, տանջամահ անելով, մարդկային արժանապատվությունը ոտնահարելով:
Սա իրական սպանդ էր, որն աշխարհի լուռ համաձայնության ու ամենաթողության հետևանքն էր, որովհետև լսել ենք հավաքական Արևմուտքի պաշտոնական կարծիքը, գիտենք եվրոպական խայտառակ կարծիքը, ու հիմա ես ուշի ուշով հետևում եմ՝ տեսնեմ արդյոք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որի մասին ասում են, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կազմակերպելու են, տեղի ունենալո՞ւ է:
Մեր մասով՝ հետևություններ ունենք անելու, թուրքը մնում է նույն թուրքը, ձեռագիրը չի փոխվել, թուրքն անցնում է նման գործողությունների, երբ այլընտրանք չի տեսնում, հետևաբար թուրքերի հետ խաղաղության դարաշրջանը, որ ասվում է, ինքնին միֆ է, առաջին իսկ հնարավորության դեպքում մորթելու են:
– Ստացվում է, որ միջազգային կառույցները, օրենքները այլևս դադարե՞լ են գործելուց:
– «Քաղաքակիրթ աշխարհը» այսօր լուռ է կամ փաստացի ի՞նչ է անում, օրեր առաջ ողջունում էր Սիրիայի «դեմոկրատացումը»: Նույն այդ «քաղաքակիրթ աշխարհի» հանցավոր լռության ներքո, Թուրքիայի անմիջական հովանավորությունը վայելող ու այնտեղից կոնկրետ ղեկավարվող սիրիական իշխանական զինյալները քաղաքացիականներին բառացի մորթեցին:
Հիմա ո՞վ է կրում այս ամենի պատասխանատվությունը, ես ասում եմ՝ ոչ մեկը փաստացի չի կրում, որովհետև նրանք այնքան վստահ էին այս ամենաթողության մեջ, որ իրենց պաշտոնական աղբյուրներով են կոտորում մարդկանց: ՄԱԿ-ի անդամ պետություն է Սիրիան, ի՞նչ է արել ՄԱԿ-ը՝ որպես վերպետական կառույց, ի՞նչ է արել մարդու իրավունքների մասով:
– Այսինքն՝ հին աշխարհակա՞րգ է փլուզվում, թե՞ արդեն փլուզվել է:
– Հին աշխարհակարգը փլուզվում է, ու նորն ինքնին ցույց է տալիս, որ ով թույլ ու տկար է՝ նրան կոտորում են, ով իրենց շահերից դուրս է ու խանգարում է նրանց՝ լիկվիդացնում են: Այս ամենը մեզ ցույց է տալիս, որ աշխարհին չես հետաքրքրում, եթե քեզանից ինչ-որ քաղաքական լուրջ միավոր չես ներկայացնում: Ջունգլիների օրենքն է գործում՝ ուժեղի մոտ թույլն է մեղավոր:
– Աշխարհում Թուրքիայի ազդեցությունը մեծանո՞ւմ է:
– Միանշանակ, այն կարգի է մեծանում, որ Մերձավոր Արևելքում իր ազդեցության գոտին տարածվում է՝ ի դեմս Սիրիայի: Երկրորդ՝ հին աշխարհամաս Եվրոպան արդեն իսկ ընդունում է, որ անվտանգային հարցերում առանց Թուրքիայի որևէ գործարք կամ գործողություն հնարավոր չէ իրականացնել, անգամ եթե մինչև այս պահը սառեցված էր ԵՄ-ի անդամակցությունը, ակտիվացել է Թուրքիայի ու ԵՄ-ի անդամակցության մասին քննարկումը:
Թուրքիան արդեն խոսում է, որ յուրաքանչյուր հարց լուծվելու է իր հովանու ներքո ու գիտությամբ: Այնպես որ, թուրքական գործոնը մեծ ազդեցություն է թողնում, գերտերության քայլեր ենք նկատում, որը բավականին հմուտ կերպով թուրքական դիվանագիտությունը կարողանում է անել:
– Պարո՛ն Կարապետյան, գերտերություն դառնալու հա՞յտ է ներկայացնում Թուրքիան:
– Արդեն իսկ որպես տարածաշրջանային գերտերություն են նրան դիտարկում, ԱՄՆ-ն այդպես էլ դիտարկում է, ընդհանրապես Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում, Բալկանյան հատվածում Թուրքիան համարում են գերտերություն ու իրենց գործընկեր երկիր: Հայաստանի հետ հարցերում էլ իրենք դիտարկում են, որ խնդիրներն ու հարցերը լուծվելու են Թուրքիայի անմիջական միջամտությամբ կամ աջակցությամբ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















